Ընտրատարածքային հանձնաժողովը մերժել է Արա Սիմոնյանի գրանցումը չեղյալ ճանաչելու՝ Փաշինյանի թիմի դիմումը

Պատգամավորության թեկնածու, անազատության մեջ գտնվող «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյան

Երեւանի թիվ 10 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու Նիկոլ Փաշինյանի թիմի դիմումը՝ հունվարի 10-ին անցկացվելիք ընտրություններում Փաշինյանի հիմնական հակառակորդ, նույն ընտրատարածքում առաջադրված «Ազգային միաբանություն» կուսակցության թեկնածու Արա Սիմոնյանի գրանցումը անվավեր ճանաչելու մասին, մերժվել է։
Թիվ 10 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու, ներկայումս անազատության մեջ գտնվող «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի վստահված անձ Պատվական Հովակիմյանը երեքշաբթի օրը համապատասխան հայցով դիմել էր ընտրատարածքային ընտրական հանձնաժողով։

Հինգշաբթի՝ դեկտեմբերի 31-ին կայացած նիստում, Երեւանի թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը մերժել է Պատվական Հովակիմյանի դիմումը:

Դիմող կողմը համոզված էր, որ Սիմոնյանը խախտել է նախընտրական քարոզչության կազմակերպման, քարոզչության ազատ իրականացման կարգը, տվյալ դեպքում` Ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 8-րդ կետը, եւ դա հիմք է` գրանցումը ուժը կորցրած ճանաչելու համար: Որպես ապացույց` հիշատակվում է անցած կիրակի Վարդանանց փողոցում տեղի ունեցած միջադեպը, երբ անհայտ անձինք ծեծի էին ենթարկել Փաշինյանի համակիրներին եւ վստահված անձանց: Հովակիմյանի դիմումում նշված էր, որ այդ անձինք դուրս են եկել Արա Սիմոնյանի նախընտրական շտաբից եւ շտաբի անդամներ են հանդիսացել։

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց Պատվական Հովակիմյանը, թիվ 10 ընտրատարածքային հանձնաժողովը մերժել է դիմումը՝ հիմնավորելով, որ միջադեպին Արա Սիմոնյանի առնչությունը հաստատող ապացույցներ այս պահին չկան։

Հունվարի 10-ին կայանալիք քվեարկությանը պատգամավորական մանդատի համար պայքարելու են Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը, «Ազգային միաբանություն» կուսակցության անդամ Արա Սիմոնյանը եւ «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը։

Թիվ 10 ընտրատարածքում Ազգային ժողովի պատգամավորական մանդատը թափուր է մնացել խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանի` մանդատը վայր դնելուց հետո։