Your browser doesn’t support HTML5
Երեքշաբթի կեսօրին Երեւանի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի շենքում սկսվեց «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործով դատավարությունը:
Նախագահողն է Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը:
Նիկոլ Փաշինյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 225 հոդվածի առաջին մասով` «զանգվածային անկարգություններ կազմակերպելը», եւ 316 հոդվածի առաջին մասով` «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը»:
Հիշյալ հոդվածներով սահմանված ամենախիստ պատիժը 10 տարվա ազատազրկումն է:
2008 թվականի հետընտրական իրադարձություններից հետո Փաշինյանը հետախուզման մեջ էր եւ իրավապահ մարմիններին ներկայացավ այս տարվա հուլիսի 1-ին: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը:
Հունիսի 19-ին Ազգային ժողովի ընդունած համաներման մասին որոշումը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ չկիրառվեց:
Դատավարության մեկնարկի կապակցությամբ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ուղերձով, որում, մասնավորապես, ասված է. - «Իմ ընկերների եւ իմ դեմ հարուցված ցնորամիտ մեղադրանքներով իշխանությունը փորձում է քողարկել իր իսկ գործած աղաղակող հանցանքները: Այս ճշմարտությունը ուրվագծված է անգամ իմ դեմ հարուցված քրեական գործի նյութերում եւ առաջիկա դատավարության ընթացքում մենք պետք է ընդգծենք հենց այս հանգամանքը: Գիտակցելով այս անհրաժեշտությունը, վերլուծելով իմ յոթ ընկերների [նախկին «7-ի գործով» անցնող գործիչների] դատավարության փորձը, դատավարության ընթացքում պահպանելու եմ ֆորմալ դատավարական կանոնները, իշխանական ուժերին զրկելով բովանդակային խոսակցությունը տեխնիկական հարցերի շուրջ աղմուկի վերածելու հնարավորությունից»:
Դատարանի դահլիճում Փաշինյանը հայտարարեց, որ մտադիր է պահպանել դատավարական կանոնները, բայց եթե իրեն հեռացնեն դատարանի դահլիճից՝ կհրաժարվի պաշտպաններից:
Փաշինյանի պաշտպան Լուսինե Սահակյանը դատավոր Մնացական Մարտիրոսյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց՝ փաստարկելով. - «Դուք կաշկանդված եք եւ չեք կարող օբյեկտիվ քննություն կատարել»:
Միջնորդությանը պաշտպանեց նաեւ Նիկոլ Փաշինյանը՝ հայտարարելով, որ բացարկի համար հիմք է նաեւ այն, որ «մարտի 1-ի սպանդից հետո դատական համակարգն ապացուցել է իր հավատարմությունը «կոռումպացված բուրգին»»:
Բացարկի միջնորդությունը մերժելու մասին հայտարարությամբ հանդես եկան մեղադրողներ Հարություն Հարությունյանը եւ Կորյուն Փիլոյանը:
Երկու ժամ ընդմիջումից հետո դատավոր Մարտիրոսյանը մերժեց միջնորդությունը:
Դատական նիստին զուգահեռ` դատարանի շենքի մոտ հավաքված տասնյակ մարդիկ պահանջում էին անհապաղ ազատ արձակել
Փաշինյանին:Ոչ միայն դատարանի շենքն էր շրջապատված ոստիկաններով, որոնք ցուցարարներին թույլ չէին տալիս մոտենալ շենքի մուտքին, այլեւ դատը սկսվելուն պես ոստիկանական մեքենաների շարասյուները տեղակայվել էին Արշակունյաց պողոտայի երկայնքով:
Դատարան էին եկել նախկինում կալանավորված եւ վերջերս ազատ արձակված ընդդիմադիր գործիչներ, Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչներ:
Այն պահին, երբ հավաքվածները կոչեր էին վանկարկում, Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի հրամանատարի տեղակալ Վալերի Օսիպյանը մոտեցավ եւ նախ զգուշացրեց, որ կարգ են խախտում:
Այնուհետեւ դատարանի շենքի չորս կողմից բակ մտան ոստիկանների խմբեր եւ, միանալով բակում գտնվող «կարմիր բերետավորներին», սկսեցին ցուցարարներին հրել դեպի դատարանի դիմացի այգին:
Քաշքշուկը տեւեց մոտ 10 րոպե: Կրքերը հանդարտվեցին միայն այն բանից հետո, երբ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը եւ Ազգային ժողովի նախկին խոսնակ Բաբկեն Արարքցյանը մոտեցան Օսիպյանին՝ հորդորելով «չհրել մարդկանց»:
Իրադարձությունների թեժացման պահին դատարանի շենքի մոտ եկավ նաեւ Երեւանի պարեկապահակային ծառայության գնդի հրամանատար Ռոբերտ Մելքոնյանը:
«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչ են պատրաստվում անել, Մելքոնյանը պատասխանեց. - «Պատրաստվում ենք բերանները փակենք, որ չգոռան նախագահի հասցեին վատ բաներ, եղա՞վ»:
Հայ ազգային կոնգրեսը երեքշաբթի օրը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է. - «Ինչպես բոլոր քաղբանտարկյալների, այնպես էլ Նիկոլ Փաշինյանի դեմ վարչախումբը հարուցել է բացարձակ անհիմն ու շինծու մեղադրանքներ` հերթական անգամ փորձելով կոծկել մարտի 1-ին կազմակերպված ոճրագործությունը»:
Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց. - «Ընդդիմության նկատմամբ քաղաքական խայտառակ այս հալածանքները եւ դատավարությունները ստեղծեցին այն հիմքը, որը ծառայեց այսօրվա արտաքին հարաբերություններում իշխանությունների ձախողումների զարգացումների ակունքը, այն է` որ Հայաստանում գոյություն ունի ոչ լեգիտիմ իշխանություն` ձեւավորված քաղաքական հալածանքների հիման վրա»:
«Քաղաքական բանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեն» էլ դատարանի մոտ ստորագրահավաք էր անցկացնում, որից հետո Հայաստանում Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ Միացյալ Նահանգների դեսպանատներ էր փոխանցելու այդ երկրների նախագահներին ուղղված բաց նամակը, որում գերտերություններից պահանջվում է ստիպել Հայաստանի իշխանություններին հարգել սեփական քաղաքացիների իրավունքները:
Դատավարության մեկնարկի նախաշեմին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում իրավապաշտպան Վարդան Հարությունյանը ասել էր, որ այս դեպքում եւս հույս չի կապում արդարադատության հետ: Նրա խոսքերով` 2008 թվականի մարտի 1-2-ի դեպքերից հետո դատական պրոցեսները ցույց տվեցին, որ Հայաստանում արդարադատություն գոյություն չունի:
«Ե'վ Նիկոլ Փաշինյանի դեպքը, ե'ւ «7-ի գործը», ե'ւ մնացած բոլոր 50-ի, 60-ի գործերը, որոնք արդեն քննվել են, արդեն վճիռներ են կայացվել, դրանք բոլորը արդարադատության հետ որեւէ աղերս, որեւէ կապ չունեն», - հայտարարել էր իրավապաշտպանը: - «Կարծում եմ, մեր հասարակության մեջ չկա որեւէ միամիտ, որը հանկարծ կկարծի, որ այդքանից հետո հիմա Նիկոլ Փաշինյանի գործը լինելու է արդարացի քննության նյութ»:
«Օր առ օր, ժամ առ ժամ մեզ ցույց են տալիս, մեզ սովորեցնում են այն մտքին, որ չի կարող լինել արդար դատաքննություն, որ չի կարող լինել արդար նախաքննություն, որ չի կարող լինել արդար դատարան: Սա մեծագույն վնասն է, մեծագույն հարվածն է, որ հասցվում է մեր ժողովրդին, մեր պատմությանը, մեր մշակույթին», - ընդգծել էր Վարդան Հարությունյանը: