Հացադուլը շարունակվում է

Հացադուլը, որ հուլիսի 6-ին հայտարարել էր ՀԱԿ-ի երիտասարդ ակտիվիստ Տիգրան Առաքելյանը, շարունակում են ոչ միայն Տիգրանի ընկերները, այլեւ համախոհները։ Ինքը Տիգրանը հուլիսի 10-ին դադարեցրել էր մեկուսարանում իր հացադուլը եւ կոչ արել իր ընկերներին նույն կերպ վարվել:
Սակայն ՀՀՇ-ի գրասենյակում այսօր 3 հոգի դեռ շարունակում էին հացադուլը: ՀՀՇ-ի երիտասարդական թեւի ղեկավար Կարեն Կարապետյանն ասաց, որ երեկ երեկոյան հացադուլին միացել են եւս 2 հոգի:

Արայիկը Տիգրանի ընկերը չէ, բայց միացել է հացադուլին՝ իր սեփական նպատակով: Սպասվող արդյունքները նույնպես չի կապում կոնկրետ մարդկանց ու որոշումների հետ. - «Ինչը, որ արվել է Տիգրանի հետ, կարող էր արվել յուրաքաչյուրիս հետ: Կապ չունի, Տիգրանն իմ ընկերն է, թե չէ: Սա սկզբունքի խնդիր է: Մարդիկ պետք է հասկանան, որ չի կարելի ամեն ինչ կուլ տալ»:

Կարեն Կարապետյանը եւ Առաքել Սեմիրջյանը դադարեցրել են հացադուլը։ Մյուս երկու անչափահաս մասնակիցներն ավագ հացադուլավորների խորհրդով հետեւել են Տիգրանի խորհրդին: Սակայն հացադուլավորների շարքերն ավելանում են: Այսօր նրանց միացել է Հովհաննեսը: Նրա համար հացադուլը էտապային մի բան է, որը ցանկացած պահի կարող է վերաճել այլ ձեւաչափի պայքարի:

«Սա կլինի հացադուլ, թե հետո կվերածվի նստացույցի, թե հետո կվերածվի ինչ-որ ակցիաների, դա կարեւոր չէ: Հացադուլը ընդհանուր պայքարի մի մասնիկն է: Հիմա որոշել ենք անել հացադուլ, ուրեմն կանենք: Կորոշենք փոխել մեկ այլ տարբերակի՝ կփոխենք», - ասաց նա:

Հացադուլ հայտարարածները առողջական վիճակից առայժմ չէին բողոքում: Ասացին, որ պատրաստ են շարունակել պայքարը:

Սպասվում է, որ երեկոյան եւս 6 հոգով կավելանան հացադուլ հայտարարածների շարքերը: