Պաշտպանները չեն բացառում, որ Սուքիասյանը ներկայանա իրավապահներին

Ազգային ժողովի պատգամավոր, հետընտրական զարգացումների կապակցությամբ հետախուզման մեջ գտնվող Խաչատուր Սուքիասյանը, ինչպես երեքշաբթի օրը հայտարարեցին նրա պաշտպանները, հնարավոր է, որ մինչեւ հուլիսի 31-ը ներկայանա իրավապահներին:
«Ամենայն հավանականությամբ, նա կներկայանա», - լրագրողների հետ հանդիպմանը ասաց պաշտպաններից Արթուր Գրիգորյանը՝ կոնկրետ ժամկետին վերաբերող հարցին էլ արձագանքելով. - «Հավատացեք, անգամ եթե մենք ունենայինք ստույգ տեղեկություն, մենք իրավասու չէինք լինի հրապարակել պարոն Սուքիասյանի կոնկրետ ժամանելու պահը»:

«Պարող Սուքիասյանը նշում է, որ ինքը ներկայանալու խնդիր չունի, եւ այսօր պատրաստ է [դրան], անգամ իմանալով հանդերձ, որ իշխանությունները իրեն կպահեն անազատության մեջ եւ կձգտեն գործը հանձնել դատարանի քննարկմանը», - հավելեց պաշտպանը:

Պաշտպան Արա Զաքարյանը տեղեկացրեց, որ մի քանի օր առաջ իրենք Հատուկ քննչական ծառայությանը միջնորդել են վերացնել Խաչատուր Սուքիասյանին կալանավորելու որոշումը՝ բերելով մի շարք փաստարկներ. - «Այդ թվում նաեւ՝ որ Սուքիասյանը օգտվում է պատգամավորական անձեռնմխելիությունից, եւ դա դեռ չի վերացել»:

«Մենք նաեւ հիմնվել ենք այն փաստի վրա, որ նույն հոդվածով մեղադրվող մի շարք պատգամավորների նկատմամբ դատարանները նշանակեցին այնպիսի պատիժ, որը հնարավորություն տվեց նրանց ամբողջությամբ ազատել կալանքից՝ համաներման կիրառմամբ: Մենք մեր միջնորդության մեջ նշել ենք, որ բավարար հիմքեր ունենք, որ պարոն Սուքիասյանը չպետք է որ այլ վերաբերմունքի արժանանա», - ասաց Արթուր Գրիգորյանը՝ հավելելով, որ միջնորդության պատասխանը դեռեւս չեն ստացել:

Հատուկ քննչական ծառայության քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու հնգօրյա ժամկետը լրանում է երկու օրից:

Պաշտպան Արթուր Գրիգորյանը չբացառեց նաեւ, որ Խաչատուր Սուքիասյանի նկատմամբ համաներումը չկիրառվի. - «Եկեք չբացառենք, որ պարոն Սուքիասյանի նկատմամբ կարող է նշանակվել պատիժ, օրինակ, 8 տարի ազատազրկման չափով՝ այն հաշվով, որ նա չընկնի համաներման ազդեցության տակ»: