Եղիազարյանը եւ Օհանյանը դատապարտվեցին 3-ական տարվա ազատազրկման

Երեւանի ավագանու ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների կապակցությամբ այս ամիս ավելի վաղ ձերբակալված Մալաթիա-Սեբաստիա համայնքում տեղակայված թիվ 8 ընտրատարածքի 05 տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ Նորայր Եղիազարյանը եւ նույն տեղամասի ընտրող Արմեն Օհանյանը այսօր դատապարտվեցին 3-ական տարվա ազատազրկման:

Երեքշաբթի օրը դատարանը արագացված կարգով քննելով քրեական գործը՝ Եղիազարյանին եւ Օհանյանին դատապարտեց 3-ական տարվա ազատազրկման (Քրեական օրենսգրքի 150 հոդվածով նախատեսված հանցագործություն կատարելու համար՝ «ընտրությունների կամ քվեարկության արդյունքները կեղծելը»):

Դեր չունեցան փաստաբան Նարինե Մկրտչյանի փաստարկները, թե՝ ամբաստանյալները նախկինում դատապարտված չեն եղել, թե Նորիկ Եղիազարյանը ունի առողջական լուրջ խնդիրներ, իսկ Արմեն Օհանյանը խնամում է երեք անչափահաս երեխաների: