Մատչելիության հղումներ

8/05 տեղամասում ընտրակեղծիքը կատարվել է հօգուտ ՀՀԿ-ի


Հունիսի 1-ին ձերբակալված 8/05 տեղամասի ընտրական հանձնաժողովի անդամ Նորայր Եղիազարյանը ներկայացնում է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը: Նույն օրը ձերբակալված նույն տեղամասի ընտրող Արմեն Օհանյանը ՀՀԿ-ի համակիր է:

Հատուկ քննչական ծառայության քննիչ Գորիկ Հովակիմյանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում որոշ մանրամասներ փոխանցեց գործից: Նախ, քվեարկության օրը՝ մոտավորապես ժամը 16-ի սահմաններում, հանրապետական Նորայր Եղիազարյանը տեղամասում «կատարել է ծրարները կնքողի պարտականություն եւ հսկել է քվեատուփը». - «Օգտվելով այն հանգամանքից, որ 16 քաղաքացիներ, ուղղակի չպատկերացնելով կամ քաջատեղյակ չլինելով իրենց ֆունկցիաների մասին, որ անձամբ իրենք պետք է [ծրարները] գցեն քվեատուփը, ուղղակի ծրարները հանձնել են Նորիկ Եղիազարյանին, որն էլ օգտվելով այդ հանգամանքից, դրանք չի գցել քվեատուփը եւ պահել է իր մոտ: Այնուհետեւ Նորիկ Եղիազարյանը նշված 16 ծրարները դուրս է հանել ընտրական տեղամասից եւ հանդիպել իր ծանոթ, իր մտերիմ, Երեւան քաղաքի բնակիչ Արմեն Օհանյանին: Նորիկ Եղիազարյանը, ճանաչելով Արմեն Օհանյանին եւ լավատեղյակ լինելով, որ նա նույնպես կողմնակից է Հանրապետական կուսակցությանը, նրան տեղեկացրել է, որ թվով 16 ծրարներ է դուրս հանել ընտրական տեղամասից»:

Նպատակը, ըստ Հովակիմյանի, եղել է Հանրապետական կուսակցության օգտին կեղծիք կատարելը:

Նախաքննությամբ պարզվել է նաեւ, որ Արմեն Օհանյանը այդ 16 ծրարները տարել է տուն, բացել դրանք ու պարզել, որ միայն մեկն է Հանրապետական կուսակցության օգտին քվեարկված:

«Մյուս 15 քվեաթերթիկները Արմեն Օհանյանը ոչնչացրել է», - շարունակեց Գորիկ Հովակիմյանը: - «Իսկ մեկ քվեաթերթիկը, որը, իրոք, քվեարկված է եղել հօգուտ նշված կուսակցությանը, պատճենահանել է 15 օրինակ, դրանք տեղադրել է նույն ծրարների մեջ, փակել ծրարները եւ, իր հետ վերցնելով արդեն 16 ծրարները, վերադարձել ընտրական տեղամաս»:

Ի վերջո, այդ 16 ծրարները Արմեն Օհանյանը քվեատուփի մեջ է գցել:

Այսօր ավելի ուշ գլխավոր դատախազության շենքում բացվեցին 8/05 ընտրական տեղամասի պարկերը: Նշանակված դատափաստաթղթաբանական փորձաքննության շրջանակներում փորձագետները նշված ընտրատարածքի քվեաթերթիկների վերահաշվարկ եւ զննում կատարեցին:

Նախ, պարզվեց, որ պարկերից մեկում պետք է լիներ քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունը, որը, ինչպես հայտարարեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սեւակ Հովհաննիսյանը, չկար. - «Մենք միգուցե դրանք կհայտնաբերենք այստեղ պարկերից որեւիցե մեկում»:

Քիչ ավելի ուշ արձանագրությունը հայտնաբերվեց մեկ ուրիշ պարկում:

Հետո բացվեց չօգտագործված քվեաթերթիկների պարկը, եւ պարզեց, որ պարկի վրա «կա ընդամենը մեկ ստորագրություն, կնիքը ընդհանրապես բացակայում է, եւ չօգտագործված քվեաթերթիկների պարկը կիսաբաց վիճակում է» [Սեւակ Հովհաննիսյան]:

Թեեւ պարկի վրա նշված էր՝ «793 չօգտագործված քվեաթերթիկ», սակայն բացելուց հետո պարզվեց, որ կան «մարված քվեաթերթիկներ, կան ելունդներ» [թիվ 10 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Սիլվա Մարկոսյան]:

Մարկոսյանը հավելեց, որ այդ պարկում կային քվեարկված եւ չպատռված վավեր 98 քվեաթերթիկ՝ բոլորն էլ Հայաստանի հանրապետական կուսակցության օգտին: Մյուս բոլոր պարկերի վրա էլ չկար կնիք, եւ կար ընդամենը մեկ ստորագրություն:

Հերթով բացվեցին ընտրություններին մասնակցած բոլոր կուսակցությունների օգտին քվեարկված քվեաթերթիկների պարկերը: Բացի Հանրապետականի պարկից՝ մյուսներում անճշտությունները փոքր թիվ էին կազմում՝ մեկ կամ երկու ձայնի անճշտություն:

Իսկ Հանրապետական պարկի վրա նշված էր 498 վավեր քվեաթերթիկ: Իրականում կար 454 վավեր, 7 անվավեր եւ 15 պատճենահանված քվեաթերթիկ:

Վերջնական կարծիքը կհրապարակվի միայն փորձաքննության ավարտից հետո՝ համապատասխան եզրակացությամբ:
XS
SM
MD
LG