Շարունակվում են հայաստանաբնակ իրանցիների բողոքի ցույցերը

Երեքշաբթի օրը եւս հայաստանաբնակ իրանցիները ցույց էին կազմակերպել Երեւանում Իրանի իսլամական հանրապետության դեսպանատան դիմաց:
Նախապես պայմանավորվածություն կար ցույցը սկսել ժամը 2-ին, երբ աշխարհի 180 երկրներում, որտեղ կան Իրանի դեսպանատներ, իրանցիները հավաքվելու էին դրանց մոտ` իրենց դժգոհությունն արտահայտելու օրերս Իրանում անցկացված նախագահական ընտրությունների արդյունքների կապակցությամբ:

Սակայն երևանյան ցույցը սկսվեց մի փոքր ուշացումով: Դեսպանատան դիմաց հավաքված ոստիկաններին տեսնելով` շատ իրանցիներ խուսափեցին այնտեղ գտնվելուց: Ոմանք անգամ հեռացան:

«Ոստիկանությունը որ տեսել են, ժողովուրդը ինչ-որ չեն եկել, հետ են գնացել», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց ցուցարարներից մեկը:

Հայաստանում ապրող իրանցիները բողոքում են, թե իրենց ձայները հաշվի չեն առնվել, պնդում են, որ Իրանի ժողովրդի 70-80 տոկոսը Մուսավիի կողմնակիցներն են ու իրականում ձայնը տվել են հենց նրան, սակայն ընտրվել է Ահմդինեժադը:

«Մենք այստեղ ունեցել ենք 2000-2500 մարդ, որոնց 70-80 տոկոսը ընտրել է Մուսավիին», - պնդեց մեկ այլ ցուցարար:

Դեսպանատան դիմաց հավաքվածները այսօր եւս կանաչ վզկապներով էին: Բողոքի հանդերձանքին ավելացել էին բժշկական դիմակներն ու ակնոցները, սակայն դրանք ոչ թե բողոքի նշան էին, ինչպես կանաչ գույնը, այլ՝ չճանաչվելու միջոց. - «Որովհետեւ մեր պետություն այնպիսի պետություն է, որ կարող է մեզ համար հետո պրոբլեմներ սարքի»:

Բողոքի ակցիայի ժամանակ Երևանում ապրող իրանցի ուսանողներն ու առեւտրականները պահանջում էին ընտրություններն անվավեր ճանաչել ու հեռացնել բռնապետ Ահմեդինեժադին նախագահի աթոռից:

Երեկվա ցույցից հետո, ըստ որոշ ցուցարարների, դեսպանատնից հեռախոսազանգեր են եղել. հայաստանբնակ իրանցիներին խորհուրդ են տվել չմասնակցել ցույցերին:

Երևանում ցույցի մասնակից իրանցիներն այսօր ավելի անհանգստացած ու մտահոգ էին: Եթե երեկ նրանք պայքարում էին կեղծված ընտրությունների դեմ ու հանուն իրենց թեկնածուի, ապա այսօր նրանք բողոքում են նաև այն 7 ցուցարարների համար, ովքեր երեկ Թեհրանում ոստիկանության գործողոթյունների զոհ դարձան: