Եգիպտոսը հայ երեխաների աչքերով

Հայաստան - Եգիպտոս մշակութային համագործակցության շրջանակներում Եգիպտոսի Արաբական Հանրապետության առաջին տիկին Սյուզան Մուբարաքի հովանու ներքո անցկացվող «Եգիպտոսը աշխարհի երեխաների աչքերով» միջազգային մանկական նկարչական մրցույթին մասնակցել են շուրջ 5 տասնյակ հայ երեխաներ: Այսօր նրանցից 15 հաղթողները եկել էին մշակույթի նախարարություն` ստանալու իրենց մեդալներն ու պատվոգրերը:
Մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գայանե Դուրգարյանն ափսոսանք հայտնեց, որ հաղթողներին եգիպտոսյան ցուցահանդեսին ուղարկելու հնարավորություն չեղավ, բայց սա, ըստ նրա, հայ - եգիպտոսական մշակութային համագործակցության առաջին փորձը չէ, եւ ուղեւորություններ դեռ սպասվում են:

«Սա արդեն թվով չորրորդն է, որ անցկացվում է միջպետական համագործակցության շրջանակներում: Ցավոք, հնարավորություն չկա, որ իրենք մասնակցեն իրենց աշխատանքներով, ուղղակի կազմակերպիչներն էին այդպես որոշել», - նշեց Գայանե Դուրգարյանը:

15 փոքրիկ նկարիչները փորձել էին պատկերացնել Եգիպտոսը ու պատկերել այն, թեեւ ոչ մի անգամ չեն եղել այդ երկրում ու գիտելիքները բուրգերի հայրենիքի մասին միայն գրքային են:

4 մասնակից արժանացել են ոսկե մեդալների, 2-ը` արծաթե, մյուս 9-ին հանձնվեցին վկայագրեր:

Անի Հարությունյանը Մալունցյանի անվան արվեստի դպրոցի սան է, ինքն էլ է մասնակցել մրցույթին ու Եգիպտոսը հետաքրքիր պատկերելու համար արժանացել է արծաթե մեդալի:

«Եգիպտոսը ամբողջական չէի նկարել վերջնական փուլում, այսինքն` նկարել էի, թե ինչպես էին կառուցել ստրուկները... Եգիպտոսի նկարները նայելով, գրքեր ուսումնասիրելով` նկարել էի», - ասաց Անին: