Ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի այրին՝ Յուլիա Նավալնայան տեսաուղերձ է հրապարակել, որտեղ հայտարարել է, որ անցյալ շաբաթ Մոսկվայի և Արևմուտքի միջև տեղի ունեցած մեծ փոխանակման ժամանակ ռուսական բանտերից ազատվածների թվում պետ է լիներ նաև իր հանգուցյալ ամուսինը։
Երեկ YouTube-ում հրապարակված տեսաուղերձում Նավալնայայի խոսքով՝ ամուսնու մահից անմիջապես հետո իրենց ասել են, որ Նավալնիի մասնակցությամբ բանտարկյալների փոխանակումը վերջին փուլում էր։
«Ամուսինս՝ Ալեքսեյ Նավալնին, նույնպես պետք է լիներ այն ինքնաթիռում, որը սկզբում թռավ Անկարա, իսկ հետո՝ Քյոլն։ Այդ մասին ասել էին դեռ կես տարի առաջ, ինչից անմիջապես հետո Խարպի ուղղիչ գաղութում նրան սպանեցին։ Ենթադրաբար հենց նա պետք է փոխանակվեր ԱԴԾ-ի մարդասպան Վադիմ Կրասիկովի հետ, որ ցմահ ազատազրկման էր դատապարտվել Գերմանիայում։ Պարզապես այն միտքը, որ Նավալնին կարող է ազատության մեջ լինել, սարսափելի թվաց Պուտինին և դրա համար էլ նա սպանեց նրան», - տեսաուղերձում ասում է Նավալնայան՝ հավելելով, որ, այնուամենայնիվ, ինքը շատ ուրախ է՝ տեսնելով, որ անցյալ շաբաթ ազատ են արձակվել անօրինական բանտարկված բազմաթիվ մարդիկ։
Նավալնիի այրին նաև հիշեցրել է, որ Պուտինի շատ այլ քննադատներ շարունակում են մնալ ռուսական բանտերում, այդ թվում՝ Ալեքսեյ Գորինովը, Նավալնիի փաստաբան Վադիմ Կոբզևը, «Գոլոս» շարժման համանախագահ Գրիգորի Մելքոնյանցը և այլք։
Օգոստոսի 1-ին Ռուսաստանի և Բելառուսի բանտերից ազատ է արձակվել 16 մարդ, այդ թվում՝ ԱՄՆ երեք քաղաքացիներ՝ «Ազատություն» ռադիոկայանի թաթար-բաշկիրական ծառայության լրագրող Ալսու Կուրմաշևան, Wall Street Journal-ի լրագրող Էվան Գերշկովիչը և նախկին ծովային հետևակային Փոլ Ուելանը։