Մատչելիության հղումներ

Ընտանեկան բռնության փոփոխված օրենքն ուժի մեջ կմտնի հուլիսի 1-ից. ի՞նչ կփոխի բռնության ենթարկվածների կյանքում


«Գոռ Հրաչի Տեր-Եսայանն իմ և երկու անչափահաս երեխաներիս ներկայությամբ կրակահերթ է արձակել, իմ աչքի առաջ սպանել է իմ հորը», «աստիճաններով բարձրացանք, հասա դռան դիմաց, ինքը տապոռով հարձակվեց իմ վրա, գլխիս ա խփել, մեջքիս, ուսիս ու փորիս», - Ընտանիքում բռնության ենթարկված այս կանայք այն եզակիներից են, որ բարձրաձայնել են դրա մասին:

Ընտանեկան բռնության փոփոխված օրենքն ուժի մեջ կմտնի հուլիսի 1-ից, 23 հոդվածից 11-ը փոփոխության է ենթարկվել:

«Բռնությունը՝ բռնություն է, պատիժն էլ նույնը»,- օրենքի քննադատների փաստարկն էր սա, ընդգծում էին՝ ի՞նչ կփոխի բռնության ենթարկվածների կյանքում փոփոխված օրենքը։

Օրենքի համահեղինակ իշխանական պատգամավոր Զարուհի Բաթոյանն ասում է՝ ընտանեկան բռնությունից պաշտպանվելու մեխանիզմներն են ամրացվել։

Փոփոխությունները խորհրդարանում շուրջ երկու տարի քննարկվեցին։ Բուռն էր ընդունվել հատկապես «զուգընկեր» բառը, շատերը պնդում էին, թե դա սեռական փոքրամասնությունների համար է, օրենքի հեղինակներն էլ ընդգծում էին՝ օրենքը պետք է հավասար կիրառվի բոլորի համար:

Զուգընկեր տերմինն իրավական առումով մինչ օրս չէր ընկալվում: Միասին ապրող, բայց չզագսավորված զույգերի հարաբերություններում բռնության ենթարկվածն ընտանեկան բռնության զոհ չէր համարվում, ասում են օրենքի համահեղինակները։

«Սեռական բռնության դեպքում, եթե էդ բռնությունը կիրառվել է զուգընկերոջ կողմից, ապա դա ավելի ծանրացնող հանգամանքն էր, բայց ոչ բոլոր դեպքերում: Օրինակ՝ ինքնասպանության նպաստելը, շորթումը, վտանգի մեջ թողնելը, սրանք հոդվածների վերնագրեր եմ ասում, որոնց դեպքում ընդհանուր հիմքով էր նաև, եթե ամուսինն է, այդ նույն հոդվածի պատիժն ավելի ծանրացնող է», - ասաց ԱԺ իշխանական պատգամավոր Զարուհի Բաթոյանը:

Քննչական կոմիտեն անցած տարի ընտանեկան բռնության դեպքերով 1848 քրեական գործ է հարուցել՝ այս թիվը 2022-ի համեմատ աճել է 888-ով: Իրավապահներն ասում են՝ մարդիկ սկսել են խոսել դրա մասին, իրավապաշտպանների կարծիքով՝ նաև դեպքերն են ավելացել:

2017-ից ընդունված օրենքում այս փոփոխություններն արվել են նաև «Կանանց աջակցման կենտրոնի» առաջարկով: Տարեկան հազարավոր կանանց ու երեխաների աջակցություն ցուցաբերած այս կենտրոնը միայն նախորդ տարի ավելի քան 200 կնոջ է ապաստարան հատկացրել:

Ծրագրի ղեկավար Հասմիկ Գևորգյանը դրական է համարում փոփոխությունները, ընդգծում՝ հատկապես իրավապահ համակարգում բռնության ենթարկվածների պաշտպանության մեխանիզմներն ավելի կուժեղացվեն, բայց իրենց բոլոր առաջարկները չեն, որ տեղ են գտել օրենքում։ Օրինակ՝ ասում է՝ պարզ չէ, թե ինչո՞ւ չհանվեց «կենցաղային բռնություն» տերմինը: Գևորգյանը կարծում է՝ հենց այդ բառն էլ օրենքի կիրառման ընթացքում խնդիրներ կառաջացնի:

«Ամուսինը համաձայն չէր, որ կինը գնար մամայի տուն և դրա հետ կապված կենցաղային վեճի պատճառով տեղի ունեցավ բռնությունը, բայց սա ոչ թե կենցաղային վեճ է, այլ ընտանեկան բռնություն է, ընտանեկան բռնությունը հարաբերություններն է ցույց տալիս, որ մի կողմն ուզում է իշխել, բռնության միջոցով վերահսկել մյուսի գործողությունը, ոչ թե իրենք անհամաձայնության եկան ու իրար հետ վիճեցին», - նշեց ծրագրի ղեկավարը:

Օրենքից չի հանվել նաև «նախազգուշացում» տերմինը:

«Նախազգուշացումը որպես պաշտպանող միջոց անարդյունավետ է, դա նպաստելու է, որ կանայք ավելի քիչ դիմեն», - ասաց Գևորգյանը:

Իրավապաշտպաններն ասում են, եթե անգամ ոստիկանությունում ու Քննչական կոմիտեում պատշաճ ընթացք է տրվում ընտանեկան բռնության դեպքերին, ապա քիչ չեն դեպքերը, երբ դատարաններում գործերը պարզապես կարճվում են, բռնարարներն, ըստ իրավապաշտպանների, կարողանում են տարբեր գործիքներ բանեցնել, որ տուժողը մինչև վերջ չգնա, իսկ դատարաններն, ըստ նրանց, բավարար ջանք չեն գործադրում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG