Մատչելիության հղումներ

Իշխանական պատգամավորներն առաջարկում են ընտանեկան բռնության մասին օրենքում փոփոխություններ անել


Ընտանեկան բռնության թեման խորհրդարանական օրակարգ են բերում իշխող ուժի երեք կանայք: Զարուհի Բաթոյանը, Ծովինար Վարդանյանն ու Սոնա Ղազարյանն առաջարկում են օրենքի անվանման մեջ լրացում անել՝ ընտանիքում բռնությանն ավելացնել կենցաղային բռնության կանխարգելում ձևակերպումը, բռնությունից պաշտպանվողներն ընտանիքի անդամները չեն միայն, նաև զուգընկերները, նախկին զուգընկերները։

Պատգամավոր Ծովինար Վարդանյանը բացատրեց՝ որպեսզի բռնությունից պաշտպանվեն նաև մարդիկ, որ օրինակ՝ ամուսնության վկայական չունեն:

«Էս օրենքից դուրս էին մնում մարդիկ, ովքեր օրինակ՝ նշանված են կամ ընկեր-ընկերուհի են եղել կամ ինչ-որ ժամանակ հանդիպել են», - նշեց Վարդանյանը:

Նախագծում նաև ձևակերպել են թե ով է զուգընկերը. անձ է, որի հետ առկա են հարաբերություններ, որոնց հատուկ է սիրային կապը՝ անկախ համատեղ բնակության կամ միմյանց հետ սեռական հարաբերություններ ունենալու հանգամանքից։

Նախագծի այս ձևակերպումը տարակուսելի էր համարել խորհրդարանի փորձագիտական վարչությունը, նրանց եզրակացությունից ընդդիմադիր Արեգնազ Մանուկյանը մեջբերում արեց. - «Սիրային կապ հասկացությունն ինքնին երկիմաստ, տարընկալման տեղի տվող հասկացություն է, որի միջոցով զուգընկեր հասկացության բացահայտումն էլ ավելի խնդրահարույց և տարածական է դառնում»:

Նախագծի հեղինակներն ընդունում են՝ գուցե շատ լավ ձևակերպում չէ:

«Բայց քանի որ օրենքում կարիք կա զուգընկեր սահմանումը տալու, մենք փորձել ենք այս տեսակ ձևակերպումը տալ», - ասաց Զարուհի Բաթոյանը:

Բաթոյանը հույս ունի, որ բռնության կանխարգելման այս փոփոխությունները դեռ կբարելավվեն: Այստեղ սեռական բռնության նոր սահմանման մեջ այդպիսի բռնություն է համարվում նաև կուսության ստուգումը։

Ինչո՞ւ է բռնության այս տեսակն առանձնացվել նախագծում, հեղինակները հղում են անում իրենց լսած ու սերիալներով տեսած պատմություններին, ուսումնասիրություն չկա:

«Մեր գործընկերներից մեկը քիչ առաջ երբ քննարկում էինք, կոնկրետ դեպքը իր ծանոթի հետ կապված պատմեց», - նշեց Ծովինար Վարդանյանը:

«Խնդիրը դեռ կա»

Հայաստանի հեռավոր համայնքներից մեկում ապրող երիտասարդ կինը պատմեց՝ խնդիրը դեռ կա. հարսին կուսության ստուգման են տանում հատկապես ամուսնությունից հետո՝ կուսության ապացույցները փնտրելուց ու չգտնելուց անմիջապես հետո:

«Շատ դեպքեր են եղել, որ հենց հարսը, սկեսուրը իրենց ազգականների հետ մի քանի հոգով հավաքվում են ու տանում են ստուգման», - պատմեց կինը:

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ այդ այսպես ասած ավանդույթը դանդաղ է մարում հատկապես Գեղարքունիքի մարզում։ Կուսության ստուգումն պատժելի համարելը, ըստ մեր զրուցակցի, ճիշտ որոշում է։ Բայց հարսները կբարձրաձայնե՞ն, հարցերի հարցն է, ըստ նրա, այն է, որ կանայք սովորաբար լռում են իրենց նկատմամբ բռնությունների դեպքում:

«Վախն է էլի խնդիրը, որ չեն բարձրաձայնում, որ խնդիր չունենան ընտանիքում ամուսնու կողմից, նույնիսկ սկեսուր, սկեսրայրի կողմից», - ասաց «Ազատության» զրուցակիցը:

Բարձրաձայնում են միայն բաժանվելուց հետո, ասում է կինը, շեշտելով նաև այն, որ հաճախ ոստիկանությունն էլ անարձագանք թողնում կանանց դիմումները՝ «տուն ա, կռիվ կլինի, յոլա գնացեք», խոսքերով։

Ներքին գործերի փոխնախարարն էր այսօր խորհրդարանական քննարկմանը՝ նախորդ տարի ընտանեկան բռնության 1819 դեպք է գրանցվել թիվը մեծ է, բայց դա, ըստ Արփինե Սարգսյանի, նշանակում է, որ նաև մարդիկ են սկսել շատ ահազանգել։ Օրենսդրական այս փոփոխությունները համարում է կարևոր։

Իրավապաշտպան. Կարևոր է, բայց խնդիր կա հենց վերնագրում

Կարևոր է, բայց խնդիր կա հենց վերնագրում, առարկում է Կանաց աջակցման կենտրոնի ներկայացուցիչ Զառա Հովհաննիսյանը։ Առաջարկում է կենցաղային բռնություն եզրույթը հեռացնել ընտանեկան բռնության օրենսդրությունից:

«Իջեցնում է փաստացի ընտանեկան բռնություն հասկացությունը կենցաղային կռվի մակարդակի, ինչը տարածվելու թե՛ ոստիկանության գործառույթների ոչ պատշաճ կատարման վրա, թե՛ նաև հանրային ընկալումների, սխալ ընկալումների տեղիք է տալու», - նշեց Հովհաննիսյանը:

Եթե այդ կենցաղայինը գրել են, որ զուգընկերներին էլ ներառեն այս օրենքով պաշտպանվողների ցանկում, ապա իզուր, ըստ Հովհաննիսյանի, վերնագրում «ընտենական բռնություն» արձանագրելը լուծում է այդ հարցը. - «Ընտանեկան բռնությունը ինքը հարաբերություններն է դիտարկում և ոչ թե տեղանքը, որտեղ բնակվում են անձինք»:

Իրավապաշտպանն ասաց՝ իրենց առաջարկները նախագծի հեղինակներին ներկայացրել են։ Իսկ ընտանեկան բռնության նոր փաթեթը ենթադրվում է՝ նոր կրքեր կբորբոքի առաջիկա լիագումար նիստում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG