Մատչելիության հղումներ

Վաշինգտոնը քննարկում է ԱՄՆ-ի արձագանքը Վրաստանի կառավարության գործողություններին․ Միլլեր


ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլեր, արխիվ
ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլեր, արխիվ

«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» մասին օրենքը հեռացնում է Վրաստանին իր ժողովրդավարական ուղուց, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։

Վաշինգտոնը մտահոգություն է հայտնել, որ օրենքը կարող է թիրախավորվել քաղաքացիական հասարակությանը, սահմանափակել հասարակական կամակերպությունների ազատությունները։ Այս գործողություններն, ըստ Միլլերի, հիմնովին փոխում են Վրաստանի հետ ԱՄՆ հարաբերությունները:

«Ահա թե ինչու մենք վերանայում ենք մեր հարաբերությունները և քննարկում ենք Վաշինգտոնի արձագանքը Վրաստանի կառավարության գործողություններին», - ասել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչը՝ ընդգծելով՝ Վաշինգտոնը հայտարարել է պատժամիջոցների նոր քաղաքականության մասին, սակայն դեռ չի հայտարարել անհատական պատժամիջոցների մասին։

«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» մասին վիճահարույց օրինագիծը վերջնականապես ուժի մեջ է մտնում․ Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին երեկ ստորագրել է այն։

Պապուաշվիլին հայտարարել է, թե «այսուհետ հայտնի կլինի, թե ուր է ուղղվում արտերկրից ստացվող ֆինանսավորումը և մենք կտեղեկանանք, որ այդ գումարները երբեմն ծախսվում են արմատական գործունեության վրա, տրամադրվում են նաև այնպիսի կազմակերպությունների, որոնք վերջին շրջանում զբաղված են ահաբեկմամբ ու սպառնալիքներ հնչեցնելով»։

Դեռ քննարկումների փուլում այս օրինագծի համար Թբիլիսիին դատապարտել էին թե՛ Միացյալ Նահանգները, թե՛ ընդամենը կես տարի առաջ Թբիլիսիին Եվրամիության անդամի թեկնածություն տրամադրած պաշտոնական Բրյուսելը, թե՛ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները։

Ընդդիմախոսների համոզմամբ՝ «Վրացական երազանք»-ի պատգամավորներն օրենքն արտագրել են Ռուսաստանից՝ ցանկանալով հաճոյանալ Կրեմլին, հետագայում էլ՝ Պուտինի ռեպրեսիվ վարչակազմի օրինակով անկախ ձայները լռեցնել ու ճնշել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG