Մատչելիության հղումներ

Վստահ կարող եմ ասել և կարծում եմ՝ թուրք և ադրբեջանցի գործընկերները ևս կհաստատեն, երբեք այսքան մոտ չենք եղել. Միրզոյան


Գործընթացը թեև դանդաղ, բայց շարժվում է առաջ, թուրքական NTV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Հայաստանի արտգործնախարարը՝ խոսելով հայ-թուրքական կարգավորման գործընթացի մասին:

Արարատ Միրզոյանը շեշտել է, որ գործընթացի վերջնական նպատակները՝ հարաբերությունների լիարժեք կարգավորումը, դիվանագիտական հարաբերությունների հաստատումը և սահմանի բացումը, այս փուլում դեռ չեն իրագործվել։ Նախարարը սա որոշակիորեն կապել է հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի հետ։

«Մեր համոզմունքն է, որ եթե հաջողություն գրանցվի հայ-թուրքական ուղղությամբ և իրականացվի սահմանի բացումը, դա կարող է դրական ազդակ դառնալ նաև հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի համար», - նշել է Արարատ Միրզոյանը։

Հարցադրմանը, թե «երբ համեմատում է ներկան անցյալի հետ, արդյո՞ք հիմա է ճիշտ ժամանակը՝ խաղաղություն հաստատելու, Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիր ստորագրելու, ինչպես նաև Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման համար, այսօր ավելի հե՞շտ է», Արարատ Միրզոյանն արձագանքել է, թե չի կարող պնդել, որ հենց հիմա է «ճիշտ» ժամանակը։ Հնարավոր է՝ նման կատարյալ պահ երբեք էլ չլինի։

«Բայց վստահությամբ կարող եմ ասել, և կարծում եմ, որ իմ թուրք և ադրբեջանցի գործընկերները ևս կհաստատեն դա, երբեք այսքան մոտ չենք եղել միմյանց։ Միգուցե ժամանակը հարմար չէ, միգուցե երբեք էլ չի լինի, բայց եթե անկեղծ գնահատենք՝ որտեղ ենք հիմա, ապա կարող ենք ասել, որ երբեք չենք եղել այսքան մոտ խաղաղությանը և կայունությանը», - նկատել է նախարարը։

2021 թվականին փակ սահմաններ ունեցող երկու հարևանները՝ Հայաստանն ու Թուրքիան, հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին՝ նպատակ ունենալով առաջ մղել երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Նրանք աշխատում են արդեն շուրջ չորս տարի։ Առաջին համաձայնությունը վերաբերում էր բեռնափոխադրումների իրականացմանը։ Երկրորդ քայլը վերաբերում էր Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի բացմանը՝ երրորդ երկրների քաղաքացիների համար։ Սակայն այդտեղ առաջընթաց չկա:

XS
SM
MD
LG