Որտե՞ղ է Գագիկ Ծառուկյանի արդեն երկու շաբաթ հետախուզվող որդին։ Ինչո՞ւ Հայաստանի իրավապահներին չի հաջողվում Նվեր Ծառուկյանին բերել Հայաստան, երբ փաստաբանը նրանց հայտնել է երիտասարդ գործարարի գտնվելու վայրը։ Քննչականից միայն փոխանցում են, թե նախաքննություն է ընթանում, նոր ասելիք չունեն։
«Ես վարույթ իրականացնող մարմնին տեղեկացրել եմ, նաև՝ ԶԼՄ-ներին, որ անձը էս հարցերի հետ կապված՝ «Մուլտի Գրուպ»-ի փայատեր է, էդ հարցերի հետ կապված գործուղվել է Ռուսաստանի Դաշնություն և Բելառուս: Հիմա կարող է երկու օրը մեկ ինքը գնա Բելառուս, հետ գա Ռուսաստանի Դաշնություն», - «Ազատության» հետ զրույցում ասաց փաստաբանը Էմին Խաչատրյանը:
Մինչ իրավապահներն արդեն շաբաթներ է որոնում են խուլիգանության և կողոպուտի համար մեղադրվող Նվեր Ծառուկյանին, Խաչատրյանը հայտնում է՝ գործով անցնող մյուս չորս մեղադրյալները, այդ թվում՝ կրտսեր Ծառուկյանի թիկնապահը, ներկայացել են իրավապահներին, երեքը կալանավորված են։ Իսկ «Մուլտի Գրուպ»-ի բաժնետեր Ծառուկյանը, ըստ փաստաբանի, ոչ թե փախուստի է դիմել, այլ մեկնել է նախապես պլանավորված գործուղման՝ Բելառուսից Ռուսաստան է գնում, Ռուսաստանից՝ Բելառուս։
«Ռուսաստանի Դաշնություն և Բելառուս, ինտենսիվ աշխատում է և՛ մեր ապրանքը ստացողների, և՛ էնտեղ արտադրողների հետ», - նշեց փաստաբանը:
«Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդի որդին ու մյուսները մեղադրվում են մոտ մեկ ամիս առաջ Ծաղկաձորի խաղատներից մեկում տեղի ունեցած միջադեպի գործով: Ոչ փաստաբանը, ոչ էլ իրավապահները չեն մանրամասնում, թե կոնկրետ ինչ է եղել, բայց Քննչական կոմիտեի խոսնակը հաստատել էր՝ դեպքի վայրում կրակոցներ էին հնչել։ «Կրակոցները այնպես են հնչել, որ դրանց հետևանքով, վարույթով ձեռք բերված այս պահի տվյալներն եմ ասում, տուժողներ առկա չեն», - ասել էր Գոռ Աբրահամյանը:
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ու Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն վաղուցվա մտերիմներ են։ Փաստաբանը պնդում է՝ այս հանգամանքը կրտսեր Ծառուկյանին արտոնություն չի տալիս, վստահեցնում է՝ հենց գործուղումն ավարտի, Ծառուկյանի որդին հետ կգա, բայց թե երբ՝ ինքը չգիտի։
«Չի գտնվում արտոնյալ կարգավիճակում, Նվեր Ծառուկյանը էնտեղ գտնվում է զուտ գործուղման շրջանակներում, և անհրաժեշտությունը ավարտվելուց հետո գործուղման անպայման ներկայանալու է վարույթ իրականացնող մարմին», - վստահեցրեց Էմին Խաչատրյանը:
Եթե կրտսեր Ծառուկյանն արտոնություններ չունի, այդ դեպքում ինչպե՞ս է նրան հաջողվել կրակոցներից հետո ոչ թե բերման ենթարկվել Ոստիկանություն ու ձերբակալվել Քննչականի կողմից, այլ անարգել հատել Հայաստանի սահմանը, հիմա էլ դարձյալ անարգել ճամփորդել Ռուսաստանից Բելառուս ու հակառակ ուղղությամբ, ինչպես փաստաբանն է պնդում։ Հայաստանի գլխավոր դատախազությունը չի մանրամասնում՝ արդյո՞ք Ռուսաստանից կամ Բելառուսից պահանջել են գտնել ու Երևանին հանձնել Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկի հետախուզվող որդուն։ Ներքին գործերի նախարարությունից ասում են միայն, որ կա հետախուզում, բայց չեն հստակեցնում՝ միջազգայի՞ն, որով Ինտերպոլն է զբաղվում, թե՞ ԱՊՀ երկրների տարածքում հայտարարված հետախուզում է։ Այս հարցին պատասխանելու համար Գլխավոր դատախազությունից առաջարկեցին գրավոր հարցում ուղարկել։
Իրավապահները չեն հայտնում նաև, թե հոկտեմբերի 26-ին տեղի ունեցած միջադեպից քանի՞ օր անց է հետախուզում հայտարարվել։ Փաստաբանն ասաց՝ օրերս է խոսել պաշտպանյալի հետ, բայց գտնվելու կոնկրետ վայրի մասին հարց չի տվել, այլ հարցեր են քննարկել. - «Վերջին անգամ, եթե չեմ սխալվում, երկուշաբթի»:
Ավելի վաղ փաստաբանը չէր հերքել, որ կրտսեր Ծառուկյանի թիկնապահը վերցրել է խաղատան տեսախցիկների արձանագրած նյութերը։ Թե ինչու՝ պարզ չէ, բայց փաստ է, որ գործը հարուցված է նաև կողոպուտի հոդվածով։
Հակադարձելով իրավապահներին՝ Ծառուկյանի փաստաբանը հերքում է կրակոցներն ու հավելում, որ ոչ տուժող կա, ոչ էլ՝ բողոք. - «Ո՛չ զենք է առգրավվել, ո՛չ պարկուճ»:
Գագիկ Ծառուկյանի որդին առաջին անգամ չէ հայտնվում իրավապահների ուշադրության կենտրոնում։ Հինգ տարի առաջ կրակոցներ էին հնչել «Պարտեզ» ռեստորանի մոտ, երկու երիտասարդ մահացել էր, յոթը հրազենային վիրավորում էր ստացել: Մահացած 21-ամյա Ջիվան Հարությունյանի հարազատները պնդել էին՝ երիտասարդին դիմահար կրակոցով Նվեր Ծառուկյանն է սպանել: Փաստաբանը սա ևս հերքում է, ասում է՝ գործը դատարանում է, իսկ կրտսեր Ծառուկյանը մեղադրյալ չէ։