Մատչելիության հղումներ

Որպես անհատ ձեռներեց Հայաստանում բնակվելու իրավունք ստացած ռուսաստանցիները դժգոհ են ՆԳՆ օրինագծից


Անհատ ձեռներեց գրանցված ու հենց այդ հիմքով Հայաստանում ժամանակավոր բնակվելու իրավունք ստացած ռուսաստանցիները չեն բացառում՝ հնարավոր է այլ երկիր տեղափոխվեն։ Պատճառը Ներքին գործերի նախարարության հեղինակած օրինագիծն է, որը մի շարք խստացումներ է նախատեսում «Օտարերկրացիների մասին» օրենքում։

Օրինակ, եթե արտասահմանցին ցանկանում է անհատ ձեռնարկատեր լինելու հիմքով օրինական բնակվել Հայաստանում, իր դրամային հաշվին առնվազն 5 միլիոն դրամ պետք է ունենա կամ նույնքան շրջանառություն ապահովի վերջին երկու ամսվա ընթացքում: Գործող օրենքը, մինչդեռ, առանց նման պահանջի հնարավորություն է տալիս օտարերկրացիներին անհատ ձեռնարկատեր գրանցվել։

5 միլիոն դրամի սահմանաչափը Հայաստանում գրանցված ռուսաստանցի անհատ ձեռնարկատերերը չափազանց բարձր են համարում։ Նրանցից ոմանք, ովքեր հիմնականում աշխատում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, իրենց մտահոգությունը փոխանցեցին, բայց խուսափեցին տեսախցիկի առջև խոսելուց։ Ոմանք էլ արդեն հասցրել էին իրենց դժգոհությունն արտահայտել նախագծերի հրապարակման e-draft.am կայքում («Ազատություն»-ը նույնականացրել է մեկնաբանությունների հեղինակներին, որոնք իրական մարդիկ են. - խմբ.).

«5 միլիոն դրամի շեմը պետք է նվազեցվի առնվազն 2-ով, հենց դրամով շրջանառության պարտադիր պահանջը նույնպես աբսուրդ է»:

«Ձեռնարկատերերի համար նախատեսված 5 մլն դրամի սահմանաչափը թույլ չի տա բազմաթիվ մասնագետների օրինական մնալ երկրում, հարկեր վճարել ու զարգացնել տնտեսությունը»:

«Որպես ձեռներեց, միայնակ աշխատելով, 2023 թվականին ես հարկեր եմ վճարել Հայաստանի տնտեսության որոշ ոլորտներում միջին աշխատավարձի չափով։ Բայց ես դեռ ամիս չեմ ունեցել, երբ իմ շրջանառությունը բավարարի 5 մլն դրամի սահմանաչափին։ 5 մլն դրամի սահմանաչափը չափազանց բարձր է և անհասանելի այն մասնագետների մեծ մասի համար, ովքեր վերջերս Հայաստան են եկել և աշխատում են այստեղ»:

«Ես ամեն ամիս բավականաչափ հարկեր եմ վճարում և վճարում եմ նաև հաշվապահի համար։ Եվ ամեն ինչ գնում է տեղական տնտեսության մեջ: Եվ դուք փակում եք կացության թույլտվություն ստանալու հնարավորությունը»:

Հայաստանում, ըստ պաշտոնական տվյալների, ռուս - ուկրաինական պատերազմի սկսվելուց հետո 40 հազարից ավելի ռուսաստանցի է բնակվում տարբեր հիմքերով։ Ըստ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության՝ նրանցից միայն 1100-ն են բնակվելու իրավունք ստացել ԱՁ գրանցելու հիմքով։

«Ունենք մի ստվար զանգված օտարերկրացիների, ովքեր փաստացի բնակվում են Հայաստանի տարածքում, Հայաստանի աշխատաշուկայի համար, այսպես ասած, բեռ չեն հանդիսանում և միաժամանակ նպաստում են ֆինանսական հոսքերի ներգրավմանը», - «Ազատության» հետ զրույցում ասաց ռուսաստանցիներին գրանցման հարցերում իրավաբանական ծառայություններ առաջարկող Նարեկ Հովեյան: Նրա խոսքով՝ Հայաստանում ժամանակավոր բնակվելու այս տարբերակից օգտվում են արտասահմանյան ՏՏ ընկերությունների համար հեռավար աշխատող ռուսաստանցիները։

«Կարող ենք ասել, որ որոշ չափով նաև ստիպված են, որովհետև իրենք եվրոպական կամ ամերիկյան ընկերությունների համար աշխատելիս չեն կարող որպես աշխատող գրանցվել, պետք է որպես անհատ ձեռնարկատեր հաշվառվեն Պետռեգիստրում և ծառայությունների մատուցման պայմանագրով իրենց աշխատանքները կատարեն օտարերկրյա հաճախորդի, այս դեպքում, համար: Եվ ստացվում է, որ իրենց համար սա լուրջ խնդիր է առաջացնելու», - «Ազատության» հետ զրույցում նշեց Հովեյանը:

Մինչդեռ օրինագիծը հեղինակած Միգրացիայի ծառայությունում այդպես չեն կարծում, պնդում են, թե օրինագիծը անօրինական ներգաղթը կանխելու համար է:

«Մենք ունեցել ենք այդպիսի դեպքեր, երբ որ այդ, չեմ ասի կարգավորումը, այլ իրականում չկարգավորված լինելը այս իրավիճակի առաջացրել է մի քանի դեպքերով, օրինակ, անօրինական միգրացիայի հետ կապված ռիսկեր: Բայց չենք կարող ասել, որ դա մեծ ծավալների է, իրականում այդպես չի՝ կոնկրետ այդ կարգավորման մասով, մենք այստեղ ավելի շատ դա դիտում ենք որպես կանխարգելիչ գործիքակազմ», - «Ազատությանն» ասաց Ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը:

Արդյոք նկատի ունեն նաև Հնդկաստանի քաղաքացիներին, գերատեսչությունից չեն հստակեցնում։ Ծառայության պետը չի բացառում հանրային քննարկումից հետո նախագծում փոփոխություների հնարավորությունը։

Ղազարյանի խոսքով՝ ռուսաստանցիները Հայաստանում բնակվելու այլ հիմքեր ևս ունեն. - «Ռուսաստանի Դաշնության քաղաքացին Հայաստանի բնակչության պետական ռեգիստրում հաշվառվում է, իր հաշվառման ամբողջ ժամանակահատվածի համար Հայաստանում համարվում է օրինական բնակիչ»:

Ինչո՞ւ այդ դեպքում անհատ ձեռներեց գրանցված ռուսաստանցիները չեն օգտվում բնակության իրավունք ստանալու այլ տարբերակներից, օրինակ՝ հաշվառումից։ Ըստ նրանց, պատճառները տարբեր են՝ ԱՁ գրանցելով ցանկանում են հարկային օրինական դաշտում լինել։ Շատերը նաև մտավախություն ունեն՝ անձնագրում հաշվառման կնիքը կարող է խնդիրներ առաջացնել Ռուսաստանում։

XS
SM
MD
LG