Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կիրակի առավոտյան տեսաուղերձ է հրապարակել՝ ուղղվախ համաշխարհային առաջնորդներին, որում կոչ է անում նրանց մասնակցել հունիսին Շվեյցարիայում կայանալիք համաժողովին։ Կոչը ձայնագրվել է Խարկովում՝ ռուսական հարձակումից հետո այրված տպարանում։
Տեսաուղերձում Զելենսկին ասում է, որ գտնվում է Խարկովում՝ քաղաքում, որը «դժբախտաբար շատ մոտ է Ռուսաստանի հետ սահմանին», և «ամեն օր և ամեն գիշեր Ռուսաստանը ռմբակոծում է քաղաքը հիմնականում S-300 հրթիռներով, բայց նաև կառավարվող ռումբերով:
«Եվ ցանկացած մարդ աշխարհի ցանկացած քաղաքում՝ Սան Պաուլոյից մինչև Հարբին, դա նույն կերպ է ընկալում՝ որպես ահաբեկչություն», - նշել է նա։
Նա դիմել է ԱՄՆ-ի ու Չինաստանի նախագահներին՝ կոչ անելով մասնակցել գագաթնաժողովին։
«Խնդրում եմ ցույց տվեք ձեր առաջնորդությունը խաղաղության հաստատման գործում՝ իրական խաղաղություն, ոչ թե պարզապես հրադարար», - ասել է Ուկրաինայի նախագահը՝ հավելելով, որ գագաթնաժողովը «ցույց կտա, թե աշխարհում ով է իրականում ցանկանում ավարտել պատերազմը»։
Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանը հնարավոր հարձակման համար մեկ այլ խումբ է հավաքել Խարկովից 90 կիլոմետր հյուսիս-արևմուտք։ Ավելի վաղ Ուկրաինայի ռազմական հետախուզությունը հայտնել էր, որ Ռուսաստանը կարող է նախապատրաստվել Սումիի շրջանի վրա հարձակման։ Մայիսի 10-ին ռուսական զորքերը հարձակում սկսեցին Խարկովի մարզում, սակայն վերջին օրերին այն գործնականում կասեցվեց։