Մատչելիության հղումներ

Վաշինգտոնը խնդրել է Թուրքիայի աջակցությունը Ուկրաինայում և Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հարցում


ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիո, Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդան, արխիվ
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիո, Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդան, արխիվ

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նախօրեին Վաշինգտոնում ընդունել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանին, քննարկել անվտանգության ու առևտրի ոլորտի կարևոր հարցեր, հաղորդում է ԱՄՆ պետդեպարտամենտը։

Հաղորդագրությունում նշվում է, որ պետքարտուղարը խնդրել է Թուրքիայի աջակցությունը Ուկրաինայում և Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հարցում։

Պետքարտուղարը նաև մտահոգություն է հայտնել Թուրքիայում վերջին օրերին տեղի ունեցած ձերբակալությունների և բողոքի ցույցերի կապակցությամբ։

Թուրքիայի արտգործնախարարը մարտի 25-ին է պաշտոնական այցով մեկնել ԱՄՆ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնավարման ընթացքում սա Ֆիդանի առաջին այցն է Վաշինգտոն։

Նախօրեին թուրքական լրատվամիջոցները գրել էին, որ Ֆիդանն ԱՄՆ-ում կքննարկի Անկարայի և Վաշինգտոնի հարաբերություններում ռազմավարական քայլերը, ինչպես նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպման նախապատրաստման հարցեր։

Ավելի վաղ, Bloomberg-ը՝ վկայակոչելով խնդրին ծանոթ թուրք պաշտոնյաների, հայտնել էր, որ Էրդողանը ձգտում է ապրիլին Սպիտակ տանը հանդիպել Թրամփի հետ՝ ընդգծելով Ուկրաինայից մինչև Սիրիա կարևոր միջնորդ դառնալու Թուրքիայի ձգտումը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG