Մատչելիության հղումներ

Վարույթներ՝ Գյումրիում ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու դեպքերով


Տեսարան Գյումրիից, արխիվ
Տեսարան Գյումրիից, արխիվ

Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել են քրեական վարույթներ Գյումրիի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավի ընթացքում ընտրակաշառք տալու, ստանալու, ինչպես նաև ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործությունների վերաբերյալ։

Կոմիտեն նշում է, որ վարույթները հարուցվել են Ոստիկանությունից և Ազգային անվտանգության ծառայությունից ստացված հաղորդումների հիման վրա, սակայն չի նշում, թե որ ուժի կամ ուժերի օգտին է ընտրակաշառք տրվել և որ ուժը կամ ուժերն են բարեգործության արգելքը խախտել։

Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրական գործընթացի բոլոր մասնակիցներին հորդորել է՝ զերծ մնալ ընտրությունների բնականոն գործընթացը խաթարող հակաօրինական գործելաոճից և հավաստիացրել, որ ձեռնարկելու է համարժեք գործողություններ՝ կոռուպցիոն բնույթի նմանօրինակ արարքները բացահայտելու և չեզոքացնելու ուղղությամբ:

Այսօր Գյումրիում քարոզարշավի նախավերջին օրն է։ Գյումրիի ընտրություններին 9 ուժ է մասնակցում: Ընտրությունները կիրակի են։

Նախօրեին իշխանական լրատվամիջոցներում Գյումրիի նախկին քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանին վերագրվող ձայնագրություն տարածվեց։ Դրանում, ենթադրաբար, Վարդան Ղուկասյանը խոսում էր Գյումրիի շուկաներից մեկի աշխատակիցների հետ հանդիպում կազմակերպելու մասին և հիշեցնում էր, որ ժամանակին ինքն է նրանց տաղավարներ տվել, որով մինչև հիմա տուն են պահում: Ղուկասյանը ուղիղ չի հերքել, բայց նաև արհեստական բանականությանն է վերագրել ձայնագրությունը, Դատախազությունն էլ ուսումնասիրություն է սկսել։ «Անկախ դիտորդ»-ը հեռախոսազրույցում հանցակազմ է տեսել, մասնավորապես, ընտրությանը որևէ ձևով քվեարկելուն հարկադրելը։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG