Քարոզարշավի վերջին շաբաթն է, Գյումրիի թեկնածուները բակային հանդիպումներին զուգահեռ շարունակում են իրար մեղադրել։
Նախկին քաղաքապետ, Կոմկուսի ցուցակը գլխավորող Վարդան Ղուկասյանը նախընտրական քարոզարշավում հիմնականում քննադատում է իշխող ուժին, շարունակում է պնդել, որ վարչական ռեսուրս են չարաշահում, իսկ մեծությամբ երկրորդ քաղաքի ընտրությունների կարևորությունը այսպես է բացատրում. - «Սա գեներալնի ռեպետիցիան է Բեռլինի գրավման, եղա՞վ, վերջացավ։ Որ Շուշին հետ բերենք։ Գեներալնի ռեպետիցիան է՝ Արցախը հետ բերելու, Անին, Ղարսը և մնացածը։ Սա հիշեք։ Հայրաքաղաքից է սկսվելու»։
Վարդան Ղուկասյանի այս հայտարարությանն այսօր արձագանքեց «Քաղաքացիական պայմանագրի» համայնքապետի թեկնածու Սարիկ Մինասյանը, ով նախընտրական հանդիպումն էր անցկացնում Մուշ թաղամասի բնակիչների հետ:
«Չգիտեմ Բեռլինն են գրավում, Շուշին են հետ բերում, ո՞ւմ էրեխեքի կյանքի հաշվին: Էստեղ մարդ կա՞ որ պատրաստ է պատերազմի։ Մենք պատրաստ ենք խաղաղության, միայն խաղաղություն ունենալով մենք կունենանք զարգացող, կայուն, ուժեղ պետություն, առանց խաղաղության մենք ոչինչ չենք ունենալու», - հայտարարեց Մինասյանը։
Առանց անուն տալու համայնքապետի թեկնածուներից մեկին ակնարկեց, թե թող տղամարդկություն ունենա ու ասի, որ Թուրքիայի կացության քարտ ունի:
«Արցախից, գյումրեցիներին հայի ու թուրքի բաժանողները, ուրեմն, 9 ուժերից մեկի առաջի համարը Թուրքիայի կացության քարտ ունի, թող տղամարդկություն ունենա՝ հայտարարի, որ ․․․ Ես հայտարարում եմ՝ ըդքան տղա է, քաղաքում բոլորը գիտեն, Թուրքիայի կացության քարտ ունի, դիմել է քաղաքացիության ստանալու: Էնպես որ բոլորի խոսալուն միք հավատացեք։ Կիմանք շուտով։ Ես հնարավորություն եմ տվել խոստովանելու, եթե չխոստովանեց, ես կհայտարարեմ», - ասաց ՔՊ թեկնածուն՝ հավելելով․ - «Տղա եմ, բազար չեմ անում, քաղաքական հայտարարություն եմ անում․ էն մարդը, ով ասում էր դավաճան, թուրք, չգիտեմ ինչ, ադրբեջանցի՝ գյումրեցիներին, հլը հետևներդ նայեք, էսքան մարդուն ո՞վ կարող է պիտակավորել, գլուխները պատին կուտան, եղա՞վ։ Ու թող էրթան իրանց կացության քարտերը խորը պահեն, հանկարծ չգտնիմ»։
Չնայած լրագրողների բազմաթիվ հարցապնդումներին, թե հայտարարության հասցեատերն ո՞վ է, Սարիկ Մինասյանն այդպես էլ անուն չտվեց:
Գյումրիի ՏԻՄ ընտրություններում ատելության խոսքի մեծ չափաբաժնի մասին նաև դիտորդական առաքելություններն են բարձրաձայնում:
Երեկ նաև Գյումրիում իրար էին հանդիպել բուկլետներ բաժանող ՔՊ-ականները, որոնց հետ էր վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը, ու Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած «Սրբազան պայքար» ընդդիմադիր շարժման երիտասարդները՝ նրանք էլ Գյումրիում իշխանություններին չվստահելու խորագրով ստորագրահավաք էին անցկացնում:
Վարչապետի մամուլի խոսնակը պնդում է՝ միջադեպ չի եղել, իրենք իրենց իրազեկման ակցիան են անցկացրել: Իսկ համայնքապետի թեկնածու Սարիկ Մինասյանը խորհուրդ տվեց չխառնվել Գյումրիի ընտրություններին, կրքերը չբորբոքել:
«Բայց երեկ ինչ-որ Երևանից մարդիկ են էկե՝ դաշնակցականների ուղեկցությամբ, ես հորդորում եմ, խնդրում եմ, որ նրանք չխառնվեն Գյումրու ընտրություններին։ Գնացին Կիրանց խառնեցին, հեչ բան չարեցին։ Հիմի Գառնիկը ի՞նչ գործ ունի Գյումրիում, էկել է Գյումրու ընտրությունների էս նախընտրական փուլում, մնացել է մեկ շաբաթ, ավելի քիչ, և կրքեր են լարում։ Գյումրեցիները գիտակից են, գյումրեցիները էդ սադրանքներին չեն տրվելու», - հայտարարեց Մինասյանը։
Գյումրիի ընտրություններին 9 ուժ է մասնակցում: Ընտրությունները կիրակի են, քարոզարշավը ևս չորս օր կշարունակվի: