Արդյոք Վանաձորի համայնքապետարանում ընդհուպ օրենսդրություն են խախտում, որ իրենց ցանկալի անձինք պաշտոն զբաղեցնեն։ Իրավաբանական բաժնի պետի գլխավորած մրցութային հանձնաժողովը չեղարկել էր 10 օր առաջ տեղի ունեցած 5 թափուր պաշտոնների մրցույթներն, ու այսօր նոր մրցույթ նշանակել։ Համայնքապետարանի պաշտոնյաներն ու հանձնաժողովականները հրաժարվում են հստակ պատասխանել, խուսափում հարցերից, դուռը շրխկացնում։
Իրավապաշտպան Գևորգ Քոթանջյանը մինչդեռ հստակ միտում է տեսնում՝ համայնքի ղեկավարի պաշտոնակատարին ձեռնտու չեն եղել մրցույթի արդյունքները՝ իր ցանկալի անձը անցողիկ շեմը չի հաղթահարել։
5 պաշտոններից 4-ի դեպքում գործող պաշտոնակատարները մրցակից չունեին։ Գրավոր փուլին հաղթահարել էին անցողիկ շեմն ու անցել հաջորդ փուլ։ Միայն հանրային կապերի և լրատվության բաժնի պետի գործող պաշտոնակատարը մրցակից ուներ, բայց անցողիկ միավոր չէր հավաքել ու պետք է դուրս մնար հաջորդ փուլին մասնակցելու իրավունքից, ուստի նաև զրկվեր 176 հազար դրամ աշխատավարձով իր պաշտոնից։
Հանձնաժողովը առավելագույն 100 միավոր ստացած նրա մրցակցին հաղթող ճանաչելու և այս արդյունքները որոշում դարձնելու փոխարեն, չեղարկել էր մրցույթը, պատճառաբանել, թե քվորում չունեն. հանձնաժողովի անդամներից մեկը՝ համայնքապետի պաշտոնակատարի խորհրդական Էդիկ Հունանյանը մրցույթից հետո դուրս էր եկել շենքից ու նախատեսված 24 ժամվա ընթացքում այդպես էլ չէր վերադարձել։ Ինչո՞ւ կարևոր այս արձանագրումն անելու համար չէր վերադարձել, ասաց՝ պարեկների պատճառով՝ տուգանել էին։
Այսօր, մինչ կկայանար նոր մրցույթը, Տարածքային կառավարման նախարարությունից գրավոր ծանուցել էին, որ համայնքապետարանում կրկնակի մրցույթ անցկացնելու իրավունք չունեն՝ կարգն է՝ պարտված մասնակցին հանել ցուցակից ու հարցազրույցի հրավիրել մյուսներին, այդ թվում՝ հանրային կապերի բաժնի պետի պաշտոնակատարի միակ մրցակցին՝ Հերմինե Զարմանյանին, որ տարակուսած է՝ ինչո՞ւ իր ստացած 100 միավորը չի ոգևորել համայնքապետարանի պատասխանատուներին։ Արդյո՞ք փորձում են ամեն գնով ազատվել իրենից։
«Միտում եմ տեսնում, այլապես ինչու պիտի նորմալ օրենքով սահմանված կարգով առաջին փուլը տեղի ունենալուց հետո, արձանագրությունը կազմվելուց և փակցվելուց հետո հանկարծ բանավոր փուլը տեղի չունենար», - նշեց նա:
Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Հայկ Վիրաբյանն ստիպված եղավ այսօրվա նոր մրցույթն էլ չեղարկել՝ ասաց՝ նախարարությունից են պահանջել։
Վաղն առավոտյան տեղի կունենա 10 օր առաջ կայացած մրցույթի արդեն երկրորդ փուլը։ Այդպես էլ համայնքապետարանում չպատասխանեցին՝ ինչո՞ւ չէին նկատել իրենց այն խախտումները, որոնք ավելի վերևում՝ նախարարությունում էին տեսել։ Արդյո՞ք օրենսդրության խախտումով նշանակված կրկնակի մրցույթը չէր կայանա, եթե հասարակական կազմակերպության ղեկավարը հետևողական չլիներ ու անձամբ չդիմեր նախարարություն: Արդյոք՞ անցողիկ շեմը չհաղթահարած բաժնի պետի պաշտոնակատարին չէր տրվի մրցույթին մասնակցելու երկրորդ հնարավորություն։