Թրամփի վարչակազմը առաջարկ է պատրաստել վերանայելու այն կառուցվածքը, թե ինչպես է Վաշինգտոնը բաշխում միլիարդավոր դոլարների արտաքին օգնությունը, համաձայն ներքին հուշագրի, որը կոչ է անում ֆինանսավորել ավելի քիչ ոլորտներ:
Reuters-ի փոխանցմամբ՝ առաջարկը ներկայացվել է ԱՄՆ-ի դաշնային կառավարությունը կրճատելու նախագահ Դոնալդ Թրամփի և միլիարդատեր Իլոն Մասկի աննախադեպ ջանքերի շրջանակում։ Նրանք պնդում են, որ հարկատուների գումարները սխալ նպատակներով են օգտագործվում՝ առանց ԱՄՆ շահերին ծառայելու։
Թրամփն իր պաշտոնավարման առաջին իսկ օրը 90 օրով դադարեցրեց ԱՄՆ-ի ամբողջ օտարերկրյա օգնությունը։ Թրամփի վարչակազմը, պետական ծախսերի կրճատմանն ուղղված քայլերի ֆոնին կրճատեց Վաշինգտոնի միջազգային օգնություն հատկացնող առաջատար կառույցի՝ USAID-ի ծրագրերի 83 տոկոսը։
Ըստ Reuters-ի՝ հուշագրում նշվում է, որ ԱՄՆ արտաքին օգնության ներկա համակարգը չափազանց ծախսատար է և չի կարողացել նվազեցնել որոշ երկրների կախվածությունը ԱՄՆ-ի օգնությունից։ Փաստաթուղթն առաջարկում է, որ ֆինանսավորումը պետք է բաշխվի ավելի նեղ, ռազմավարական ուղղություններով։
Առաջարկով կոչ է արվում USAID-ի գործակալության մոտ երկու տասնյակ վարչությունների լուծարում և վերանվանում՝ այն դարձնելով «ԱՄՆ միջազգային հումանիտար օգնության գործակալություն»։
ԱՄՆ Մերիլենդ նահանգի դաշնային դատարանն օրերս հակասահմանադրական է համարել USAID-ի փակումը։ Դատավորը կարգադրել է վերաբացել գործակալությունը՝ դրա փակումը համարելով անօրինական։