ԱՄՆ Մերիլենդ նահանգի դաշնային դատարանը հակասահմանադրական է համարել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) փակումը։ Դատավոր Թեոդոր Չուանգը կարգադրել է վերաբացել գործակալությունը՝ դրա փակումը համարելով անօրինական։
68 էջանոց որոշման մեջ Չուանգը նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հավանաբար ԱՄՆ Սահմանադրության մի քանի դրույթներ է խախտել, այդ թվում՝ իշխանությունների տարանջատման սկզբունքը։
Այս գործողությունները, դատավորի կարծիքով, վնասել են ոչ միայն գործակալության նախկին աշխատակիցների, այլև հանրային շահը՝ նշելով, որ Կոնգրեսում հանրության կողմից ընտրված ներկայացուցիչները զրկվել են իրենց սահմանադրական լիազորություններից՝ որոշելու, թե երբ, ինչպես և ինչու փակել Կոնգրեսի կողմից ստեղծված գործակալությունը։
Դատավորը պահանջել է վերականգնել գործակալության հեռացված աշխատակիցներին իրենց աշխատանքում։ Դատավորը նաև արգելել է Իլոն Մասկի ղեկավարած Կառավարության արդյունավետության դեպարտամենտին որևէ քայլ ձեռնարկել ԱՄՆ ՄԶԳ-ի հետ կապված՝ առանց գործակալության օրինական լիազորություն ունեցող պաշտոնյայի հստակ թույլտվության:
Իլոն Մասկը X-ի իր էջում քննադատել է Չուանգի որոշումը՝ նշելով, թե «դեմոկրատ նախագահ Բարաք Օբամայի կողմից նշանակված դատավորն իր որոշումը կայացրել է դեմոկրատների աջակցությամբ»:
Թրամփի վարչակազմը, պետական ծախսերի կրճատմանն ուղղված քայլերի ֆոնին կրճատեց Վաշինգտոնի միջազգային օգնություն հատկացնող առաջատար կառույցի՝ USAID-ի ծրագրերի 83 տոկոսը։
USAID-ի դեմ արշավը գլխավորում էր Իլոն Մասկը՝ պետական ծախսերի կրճատման գործընթացում Թրամփի ներկայացուցիչը: Ամերիկացի միլիարդատերը պնդում էր, որ վարչակազմը կարող է կրճատել 1 տրիլիոն դոլար ԱՄՆ դեֆիցիտը, և իր այդ նախաձեռնությունը ներկայացնում էր որպես կոռուպցիայի դեմ պայքար:
USAID-ը, որը Կոնգրեսի որոշմամբ իր տնօրինության տակ տասնյակ միլիարդավոր դոլարներ ուներ, Մասկը համարել էր «հանցավոր կազմակերպություն», որի «մահվան ժամը եկել է»։