«Նախօրեին Լիբանանի տարածքում պայթեցված փեյջերները հունգարական արտադրության էին», - տեղեկացնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով սարքերի արտադրությամբ զբաղվող թայվանյան Gold Apollo ընկերության ներկայացուցիչներին։
Ընկերության փոխանցմամբ՝ փեյջերների այն խմբաքանակը, որ օգտագործում էին Լիբանանում գործող իրանամետ «Հեզբոլա» շարժման անդամները, արտադրվել է Բուդապեշտում գործող BAC Consulting ընկերության կողմից՝ Gold Apollo-ի կողմից տրամադրված լիցենզիոն արտոնագրի հիման վրա։
Սեպտեմբերի 17-ին Լիբանանում փեյջերների միաժամանակյա պայթյունների հետևանքով, ըստ վերջին տվյալների, 11 մարդ զոհվել է, ևս 3 հազարը տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։
Լիբանանի իշխանությունների ներկայացուցիչները Reuters-ին փոխանցել են, որ իրենց համոզմամբ՝ փեյջերներում պայթուցիկ սարքերը տեղադրվել են իսրայելական հատուկ ծառայությունների կողմից։