Հայաստան է եկել հայտնի ակտիվիստ Թունբերգը
Վրաստանում բողոքի ակցիաներ անցկացնելուց հետո Հայաստան է եկել hայտնի բնապահպան, ակտիվիստ Գրետա Թունբերգը: Նրան հայ-վրացական սահմանին դիամավորել են մի խումբ հայ բնապահպաններ, այդ թվում՝ Օլեգ Դուլգարյանը։
«Գրետա Թունբերգը Հայաստան ժամանել է իր նախաձեռնությամբ, հայտարարել էր, որ բոյկոտում է Բաքվում անցկացվող COP29-ը», - «Ազատությանն» ասաց Օլեգ Դուլգարյանը։
21-ամյա շվեդ ակտիվիստը վերջին օրերին Թբիլիսիում բողոքի ակցիաներ է անցկացրել Ադրբեջանի դեսպանատան առջև՝ բոյկոտելով Բաքվում անցկացվող գագաթնաժողովը։ Նա բարձրացրել է ոչ միայն կլիմայական փոփոխությանն առնչվող հարցեր, այլև խոսել Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների, Լեռնային Ղարաբաղում հայերի էթնիկ զտումների մասին։
«Մի երկիր, որ էթնիկ զտումներ է իրականացնում հայերի դեմ», - հավելել է ակտիվիստը։
Գրետա Թունբերգն այս տարի Բաքու չի գնացել, նախորդ տարի Դուբայ, դրանից առաջ էլ Շարմ էլ Շեյխ, փոխարենը նա վերջին 7 տարիներին բողոքի ակցիաներ է անցկացրել ՄԱԿ-ի կլիմայական համաժողովների ընթացքում, խոսել կլիմիայի փոփոխությունից, իսկ վերջին տարիներին նաև մարդու իրավունքների հարցերից։
«Վրաստանում նաև ադրբեջանցի վտարանդի քաղհասարակությունը և ակտիվիստներն էին մասնակցում այդ գործընթացներին՝ ակցիաներին, և նույն օրակարգն է՝ ըստ իս, այսինքն՝ Հայաստանում այդ բոյկոտման ակցիայի շրջանակներում ինքը ժամանել է Հայաստան», - հավելեց Օլեգ Դուլգարյանը։
Հայ-վրացական սահմանը հատելուց հետո Թունբերգը բնապահպանների հետ գնացել է Հաղպատի վանք, ապա Հայաստանի այլ մարզեր ու բնակավայրեր, որտեղ ևս նրան ուղեկցել են բնապահպան ակտիվիստներ Հայաստանից։
«Դասադուլ հանուն կլիմայի»
Երիտասարդ Թունբերգը հայտնի դարձավ, երբ դեռ պատանի էր՝ 15 տարեկան, հենց այդ տարիքից էլ նա սկսել է բողոքի ակցիաներ անցկացնել կառավարությունների անտարբերության դեմ կլիմայի փոփոխության խնդրի նկատմամբ։ School Strike for Climate՝ «Դասադուլ հանուն կլիմայի», սա նրա բողոքի ակցիաների առաջին շարքն էր, որին միացան հազարավոր այլ երիտասարդներ։
Շվեդայում բնակվող Գրետան վերջին տարիների ընթացքում ելույթներ է ունեցել Եվրախորհրդարանի, Նյու Յորքում ՄԱԿ-ի ամբիոններից, ստացել բազմաթիվ մրցանակներ։ Հարցազրույցներում նախկինում նրան հիշատակել են ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնավարման առաջին ժամկետի ընթացքում, ինչպես նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, երկուսն էլ՝ բացասական համատեքստում։
Գրետա Թունբերգը վաղը Երևանում մասնակցելու է «Ադրբեջանի ագրեսիայի ազդեցությունը մարդու իրավունքների և շրջակա միջավայրի պաշտպանության վրա» թեմայով համաժողովին, իսկ հաջորդ օրը բողոքի ակցիա է անցկացնելու Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի առջև կրկին COP29-ի թեմայով։