Մատչելիության հղումներ

14 տարվա անազատությունից, երկիրը չլքելու արգելքից հետո Երևան ժամանեց Ջաֆար Փանահին


«15 տարի սպասել ենք, մի քիչ էլ կսպասենք». - «Ոսկե ծիրան» կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը երեկ ուշ երեկոյան Կինոյի տան դահլիճում այս խոսքերով ողջունեց 14 տարվա բանտային ու տնային կալանքից, երկիրը չլքելու արգելքից հետո Երևան ժամանած աշխարհահռչակ իրանցի ռեժիսոր Ջաֆար Փանահիին։ Մինչև վերջին պահը հայկական կինոփառատոնի կազմակերպիչները վստահ չէին՝ կհասնի՞ նա արդյոք Հայաստան։

«Կարող եմ ասել, որ հենց հիմա, հենց այս րոպեներին մենք բոլորս միասին ապրում ենք կոլեկտիվ քաղաքական, պատմական պահ», - հայտարարեց Ավետիսյանը:

2010 թվականի Ջաֆար Փանահին ձերբակալվել, ապա դատապարտվել է վեց տարվա ազատազրկման հակակառավարական գործունեության և 2009 թվականի ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ անցկացված բողոքի ակցիաներին մասնակցելու համար։ Փանահիին նաև արգելել են 20 տարի կինո նկարել և հարցազրույց տալ։ Տնային բանտարկության ժամանակ, սակայն, ռեժիսորը ձեռքերը ծալած չի նստել ու 2011-ին «Սա ֆիլմ չէ» անունով ֆիլմ է ստեղծել։ Ի դեպ, Փանահին շատ հնարամիտ ձևով ֆիլմը հասցրել է Կաննի փառանոնին. այն Իրանի սահմաններից դուրս է բերվել խմորեղենի մեջ թաքցված կրիչով։

«Արվեստագետի համար կարևոր չէ, որ իշխանավորները 20 տարի իրենից հետ են։ Ես հասարակական ֆիլմեր եմ նկարում։ Եվ այն, ինչ հասարակությունում, որտեղ ես ապրում եմ, կատարվում է, ես իմ կինոյի լեզվով արտահայտում եմ։ Դուք էլ ունեք այդ պատմական փորձառությունը, տեսել եք՝ իդեոլոգիական իշխանությունները ինչ են անում», - ասաց իրանցի ռեժիսորը:

Կինոքննադատ Անտոն Դոլինն էր երեկ Փանահիին ներկայացնողը։ Դոլինը գիրք է գրել Փանահիի արվեստի մասին՝ «Անհնազանդության ակտ» վերնագրելով, որտեղ պատմում է. - «Մի մարդ, որ կարողացավ բողոքի իր ձայնը բարձրացնել կինոյի միջոցով։ Մի բան, որ շատ քիչ է հանդիպում»:

Փանահիի՝ ֆուտբոլային կրքերին նվիրված «Օֆսայդ»-ի ցուցադրությունն էր երեկ Կինոյի տանը։ 2006 թվականին «Արծաթե արջ» մրցանակին արժանացած ֆիլմը մի խումբ աղջիկների մասին է, ովքեր ուզում են դիտել աշխարհի առաջնության ընտրական փուլի խաղը՝ փորձելով շրջանցել օրենքը, որն արգելում է աղջիկներին լինել ստադիոնում։

Լոկառնոյի կինոփառատոնի «Ոսկե հովազ»-ին, Վենետիկի կինոփառատոնի «Ոսկե առյուծ»-ին, Բեռլինի կինոփառատոնի «Ոսկե արջ»-ին և այլ հեղինակավոր մրցանակների արժանացած իրանցի ռեժիսորը երեկ հանդիսատեսին ասաց, որ գրեթե 20 տարի առաջ նկարահանած իր ֆիլմը դեռ արգելանքի տակ է Իրանում։

«Հուսով եմ՝ ֆիլմը ձեզ դուր կգա։ Այսօրվա դիտումը նվիրում եմ ազատության համար պայքարողներին և բոլոր նրանց, որ երբ ես բանտում էի, շարունակում էին պայքարել կանանց իրավունքների, կյանքի և ազատության համար։ Շնորհակալ եմ փառատոնի կազմակերպիչներին։ Ես այս վերջին տարիներին շատ հայտնի փառատոններից՝ Կաննից, Բեռլինից հրավերներ եմ ստացել, բայց բոլորը մերժել եմ։ Եվ ասել էի, որ մինչև նոր ֆիլմ չնկարեմ, չեմ մասնակցի, չեմ ընդունի հրավեր։ Ուրեմն, հաստատ, նոր ֆիլմ եմ նկարել, որ այստեղ եմ», - ասաց Փանահին:

20 տարվա կինո չնկարելու արգելը որևէ կերպ չի կաշկանդել Փանահիին. 2013-ին Բեռլինում տեղի է ունեցել «Փակ վարագույր» ֆիլմի պրեմիերան, երկու տարի անց «Տաքսի» ֆիլմը տարավ Բեռլինի «Ոսկե արջ»-ը։ Թե ինչ նոր ֆիլմի մասին էր երեկ ակնարկում Փանահին, գուցե այսօր հստակեցվի:

Այսօր՝ իր ծննդյան օրը, 63-ամյա իրանցի ռեժիսորի հետ մտերմիկ հանդիպում է սպասվում։ Գուցե լավագույն նվերը հենց հոբելյարն էլ մատուցի իր արվեստի երկրպագուներին։

XS
SM
MD
LG