Տարիների աշխատանք, անդադար մարզումներ ու երկու վճռորոշ ցատկ, արդյունքը՝ արծաթե մեդալ. մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Փարիզ 24-ում Հայաստանի առաջին մեդալակիրն է:
Երկրորդ օլիմպիական խաղերն անընդմեջ հենացատկում մեդալ նվաճած մարզիկը, սակայն, մի քիչ տխուր է, որ չեմպիոն չդարձավ, չնչին տարբերությամբ զիջեց առաջին տեղը։ 31-ամյա Դավթյանն արդեն հաջորդ խաղերի մասին է մտածում:
«Նվաճեցի արծաթե մեդալ, շատ երկար ու դժվար ճանապարհ անցանք այս մեդալը նվաճելու համար, բայց չեմ հանձնվելու ու կպատրաստվեմ մյուս օլիմպիական խաղերին, որ ոսկե մեդալով վերադառնամ իմ հայրենիք», - նշել է Դավթյանը:
Հազարավոր կիլոմետրեր այս կողմ՝ Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության դպրոցի հարազատ պատերի ներսում Արթուրի մասին բոլորն են խոսում։ Սպասում են նրա ու օղակներ վարժությունում 6-րդ տեղը զբաղեցրած Վահագն Դավթյանի վերադարձին:
Մրցաշարարերին պատրաստվելուց զատ օլիմպիականներն այստեղ իրենց փորձով ու խորհուրդներով պատանիներին էլ են օգնում, շտկում ու ուղղորդում։ Երիտասարդների աշխարհի առաջնությունում երկու ոսկի նվաճած 16 -ամյա Համլետ Մանուկյանը ոգևորված է ավագ ընկերների ելույթներով, ուզում է նրանց ցուցանիշներին հասնել:
«Տեսնելով նրանց շատ ենք ոգևորվում, պարապմունքների ժամանակ փորձում ենք շատ աշխատել, որպեսզի կարողանանք նրանց գրանցած արդյունքները մենք էլ գրանցել», - ասաց Մանուկյանը:
Երիտասարդների աշխարհի փոխչեմպիոն Մամիկոն Խաչատրյանն էլ օլիմպիական երազանք ունի. - «Յուրաքանչյուր սպորտսմենի համար երազանքը օլիմպիական մեդալն է, ոսկե մեդալը, ամեն ինչ կներդնեմ, որ կարողան մասնակցել խաղերին»:
Նախորդ դարի 60-ականներին կառուցված ու մինչ օրս չնորոգված դպրոցում տարիներ առաջ անգամ չէին էլ պատկերացնում սպասվող օլիմպիական հաջողությունը. - «Երազանք էր դա, իսկ հիմա այնքան մոտ էինք ոսկե մեդալին, որ եթե նայեինք Արթուրի հայացքին, նա գոհ չէր իր արածից, որովհետև մենք շատ մոտ էինք ու պատրաստ էինք ոսկին նվաճելուն»:
«Լավ պայմանների սուր կարիք կա»
Դավթյանն ու մյուսները, սակայն, շարունակում են անմխիթար, հին ու քայքայվող այս դահլիճում մարզվել, որտեղ դեռ սովետի շունչն է գերիշխում։ Տոկիոյի օլիմպիական խաղերում Արթուր Դավթյանի բրոնզե հաջողությունից հետո այստեղ շատ բան չի փոխվել:
Իշխանությունները խոստացել են Հրազդան մարզադաշտին մոտ նոր շենք կառուցել Ալբերտ Ազարյանի անվան դպրոցի համար։ Քաղաքապետարանն ազդարարել է նախագծման աշխատանքների ավարտը։ Շենքը պետք է պատրաստ լինի մինչ 2027 թվականը, նախատեսում են այդ տարի այնտեղ Եվրոպայի առաջնությունը հյուրընկալել։
Լավ պայմանների սուր կարիք կա, ասում է մարմնամարզության ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սահակ Անտոնյանը:
«Հին է, իր ստանդարտներով ու պայմաններով համապատասխան չի միջազգային ստանդարտներին», - ասաց Անտոնյանը:
3 առանձին դահլիճ, հանդերձարաններ, հանգստի սենյակներ. քաղաքային իշխանությունները ժամանակակից դպրոց են խոստացել։
Ֆեդերացիայում հիմա խոսում են, թե սպորտաձևում անկախ Հայաստանի առաջին ու դեռևս միակ մեդալակիր Դավթյանն իր անվան առանձին դպրոցը պետք է ունենա։