Խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցված է, այսօր խորհրդրանում հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ շեշտելով՝ տեքստում չկա որևէ դրույթ միջանցքի մասին։
«Ընդհանրապես ապաշրջափակման մեխանիզմների մասին որևէ բան համաձայնագրի տեքստում չկա։ Կա պատրաստակամություն համագործակցել տարբեր ոլորտներում՝ երկկողմ պատրաստակամություն, այդ թվում՝ նաև տրանսպորտային, տրանզիտ, տնտեսական հարցերում», - ասաց Միրզոյանը՝ նշելով, որ «Երևանի մոտեցումն ապաշրջափակման հարցում փոփոխություններ չի կրել»։
«Մենք առաջարկել ենք նախ ապաշրջափակել երկաթուղիները, հնարավորություն տալ երկու երկրներին օգտվել միմյանց երկաթուղային ցանցերից։ Կարծում ենք, որ կարող ենք որոշակիորեն պարզեցնել սահմանահատման գործընթացն՝ ապահովելու բեռների ավելի սահուն ընթացքը, բայց ինչպես նախկինում այժմ էլ, վաղն էլ մեզ համար անբեկանելի ընկալում և պայման է, որ բոլոր երթակառուցվածքները, որոնք կապաշրջափակվեն մնալու են և գործելու են այն երկրների ինքնիշխանության ներքո, որոնց տարածքում գտնվում են՝ ՀՀ բոլոր երկաթուղիները, ճանապարհները մնալու են և գործելու են ՀՀ ինքնիշխանության ներքո և օրենսդրությանը համապատասխան», - հայտարարեց արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
Բաքուն առանց ստուգումների ճանապարհ է պահանջում արդեն չորս տարի, Հայաստանի իշխանությունն անցած տարիներին տարբեր առաջարկներ է արել Ադրբեջանին համաձայնության հասնելու ակնկալիքով՝ սկսած պահնորդական կազմակերպությանը հարցը արտապատվիրակելուց մինչև պարզեցված ընթացակարգերի կիրառում: Երևանում ընդդիմությունը հայտարարում է, թե Երևանն ինչ էլ առաջարկի, Բաքուն փոխադարձության սկզբունքը չի ընդունի և այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» պահանջից չի հրաժարվի:
«Համաձայնագրի շուրջ բանակցություններն ավարտված են»
Արտգործնախարարը վերահաստատեց՝ համաձայնագրի շուրջ բանակցություններն ավարտված են, տեքստը համաձայնեցված է։
«Ես սա համարում եմ չափազանց կարևոր հանգրված հարաբերությունների կարգավորման և մեր շուրջ՝ Հայաստանի շուրջ տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ», - ասաց Միրզոյանը՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ Հայաստանն առաջարկում է հնարավորինս արագ մեկնարկել խորհրդակցություններ Ադրբեջանի հետ՝ պայմանավորվելու համաձայնագրի տեղի ժամանակի և մյուս մանրամասներ շուրջ։
Նախօրեին Բաքուն ու Երևանը հայտարարեցին խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին։ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ասաց՝ հայկական կողմը տեղեկացրել է, որ ընդունել է վերջին երկու կետերը, որոնք բաց էին մնում:
Բայրամովը միևնույն ժամանակ հայտարարեց, թե «հաջորդ փուլում պետք է հանվեն Հայաստանի Սահմանադրությունում Ադրբեջանի նկատմամբ տարածքային նկրտումները, բացի այդ, պետք է լուծարվի Մինսկի խումբն ու դրա մնացորդները»։
Հայաստանի արտգործնախարարությունը միայն հայտարարեց՝ խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման։ Ինչ վերաբերում է հաջորդ փուլում Հայաստանից ակնկալիքներին՝ պաշտոնական Երևանն այդ հարցին իր հայտարարությունում չէ անդրադարձել։