Այս գիշեր, ըստ «Հետք»-ի, սպանություն է տեղի ունեցել Վաղարշապատի ՔՊ-ական համայնքապետ Դիանա Գասպարյանի սկեսրայրին պատկանող գազալցակայանի տարածքում:
Ներքին գործերի նախարարությունից «Ազատությանը» փոխանցեցին` ժամը 2-ին ահազանգ են ստացել, որ «Էջմիածին» բժշկական կենտրոն է տեղափոխվել հրազենային վիրավորմամբ տղամարդ: Ոստիկանները պարզել են, որ նախնական տվյալներով ՝ մարտի 22-ին՝ ժամը 01։30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Արտիմետ բնակավայրի սկզբնամասում գտնվող գազալցակայանի տարածքում մի խումբ անձանց միջև վիճաբանություն է եղել, արդյունքում՝ տղամարդը կրակոց է արձակել 36-ամյա Արթուր Պարոնյանի ուղղությամբ: Պարոնյանը բժշկական կենտրոնում գիտակցության չգալով մահացել է:
«Հետք»-ի տվյալներով՝ սպանություն կատարելու մեջ կասկածվում է 33-ամյա «Ճապ» մականունով տղամարդը: «Հետք»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Արթուր Պարոնյանը «մի քանի ամիս առաջ վիճել է Դիանա Գասպարյանի ամուսնու՝ Վաղարշապատի ավագանու անդամ Արամայիս Միրզոյանի հետ, ինչը խոր հետքեր է թողել»:
Գործն արդեն Քննչական կոմիտեում է, քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության և ապօրինի կերպով հրազեն պահելու, կրելու հոդվածներով: Կասկածյալների կամ ձերբակալվածների մասին իրավապահ կառույցը դեռ ոչինչ չի հաղորդում, միայն նշում են, որ նշանակվել են փորձաքննություններ, կատարվում են ապացուցողական և վարութային գործողություններ:
Դիանա Գասպարյանի և նրա ընտանիքի անդամների հետ կապ հաստատել «Ազատությանը» դեռևս չի հաջողվել, զանգերին չեն պատասխանում։
Այն, որ Արտիմետ խճուղի 1 հասցեում գտնվող գազալցակայանը պատկանում է Վաղարշապատի քաղաքապետի սկեսրայրին, «Ազատություն»-ը պարզել էր դեռ փետրվարին: Դիանա Գասպարյանը 13.6 միլիոն դրամի պայմանագիր էր կնքել սկեսրայրի՝ անհատ ձեռնարկատեր Աշոտ Միրզոյանի հետ՝ համայնքի համար սեղմված բնական գազ գնելու համար: