Վաղարշապատի քաղաքապետ Դիանա Գասպարյանի՝ սկեսրայրի հետ կնքված ավելի քան 13 միլիոն դրամի պայմանագիրը ՔՊ-ական պաշտոնյայի դեմ վարույթի հարուցման պատճառ է դարձել։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը որոշումը կայացրել է «Ազատության» փետրվարի 8-ին հրապարակված հետաքննության հիման վրա։
Դիանա Գասպարյանն օրենքի պահանջով պետք է նման իրավիճակում շահերի բախման հանգամանքների վերաբերյալ հայտարարություն ներկայացներ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, ինչը չի արել։ Պաշտոնյանն «Ազատությանն» ավելի վաղ վստահեցրել էր, թե համայնքապետարանի գնման հանձնաժողովը սեղմված գազի գնումն իրականացրել է էլեկտրոնային եղանակով, անձնապես չի տեսել ու չի նույնականացրել որևէ մասնակցի: Գասպարյանը, միևնույն ժամանակ պնդել էր, թե «Ազատության դիմումից հետո նմանատիպ իրավիճակներից խուսափելու համար նախատեսում է վերանայել ներքին վերահսկողության մեխանիզմները։
Ըստ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ Վաղարշապատի համայնքապետն ամուսնու հոր հետ պայմանագրի կնքմամբ կատարել է գործողություն, որ կարող էր հանգեցնել շահերի բախման իրավիճակի։
Եթե հաստատվի շահերի բախման փաստը Գասպարյանը կարող է տուգանվել ընդամենը 300 հազար դրամով։
Վաղարշապատի քաղաքապետն ավելի վաղ էլ լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում էր հայտնվել՝ այդ դեպքում սկեսրոջ պատճառով։ Ամուսնու մայրը հենց Վաղարշապատում ապօրինի շինարարություն էր սկսել։ Հակակոռուպցիոն կոմիտեն անգամ քրեական գործ էր հարուցել ու հարցաքննել Գասպարյանին։
Ըստ մասնագետի՝ հավելյալ զսպող մեխանիզմներ ավելացնելով է հնարավոր կանխել ենթադրյալ շահերի բախման դեպքերը
«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի հանրային կառավարման խորհրդատու Արմեն Խուդավերդյանն ասում է՝ Գասպարյանի դեպքը միակը չէ, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը նմանատիպ բազմաթիվ վարույթներ է հարուցել այլ պաշտոնյաների նկատմամբ ևս։
«Նշված դեպքը կարելի է քաղհասարակության մեջ և ընդհանրապես հասարակության լայն շրջանակների մոտ ընկալվել որպես կոռուպցիոն երևույթ, որը բնութագրվում է շատ պարզ, ժողովրդական լեզվով ասած՝ իրենց մարդկանց պետական, համայնքային բյուջեի միջոցները տալիս են, որովհետև բոլորն էլ շատ լավ հասկանում են, որ այդ պայմանագրից ընդամենը 300 հազար վճարում են, ասում են՝ շատ լավ պրծանք: 300 հազարը վճարեց պետությանը, մյուս գումարները կմնան իր սկեսրոջը, որը համապատասխանաբար իր ամուսնուն կարող է փոխանցել», - նշեց Խուդավերդյանը:
Ըստ մասնագետի՝ օրենսդրական բացերն են նպաստում դրան։ Կարծում է՝ օրենքով՝ հավելյալ զսպող մեխանիզմներ ավելացնելով է հնարավոր կանխել ենթադրյալ շահերի բախման դեպքերը։
Ֆինանսների նախարարությունն օրերս նման առաջարկներով օրենքի նախագիծ է ներկայացրել հանրային քննարկման։ Գերատեսչությունը ցանկանում է գնումների գործընթացում սահմանփակել փոխկապակցված անձանց մասնակցությունը։ Օրինակ՝ արգելվելու է որևէ նախարարության գնումները համակարգող փոխնախարարի ու նրա հետ փոխկապակցված ընկերության միջև պայմանագրի կնքումը։ Նման դեպքերի համար օրինագիծը հետևանքներ է նախատեսում։
«Եթե պայմանագիրը կնքելուց հետո բացահայտվում է մասնակցի կողմից կեղծ տեղեկատվության ներկայացման դեպքեր կամ եթե մասնակցին հաղթող ճանաչելու որոշումը չի համապատասխանում ՀՀ օրենսդրությանը, ապա նման պայմանագրերը միակողմանիորեն լուծվում են և տվյալները փոխանցվում են իրավապահ մարմիններին», - նշվում է նախագծում։
Մինչդեռ «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի հանրային կառավարման խորհրդատու Արմեն Խուդավերդյանի գնահատմամբ՝ ֆինանսների նախարարության ներկայացրած նախագիծը խնդրին ամբողջական լուծում չի տալիս, լրամշակումների կարիք ունի։
«Չկա միասնական, կոնցեպտուալ, հայեցակարգային մոտեցում պաշտոնատար անձանց և նրանց ընտանիքի անդամների կամ մերձավոր ազգակցությամբ, խնամիությամբ կապված անդամների մասնակցությամբ ընկերությունների նկատմամբ սահմանափակում կիրառել գնումների մասնակցության գործընթացում», - ասաց Խուդավերդյանը:
Անցած տարի հարազատ-բարեկամների հետ կնքած գործարքների պատճառով 300 հազարական դրամով տուգանվել էին Հրազդանի, Դիլիջանի, Արտաշատի ՔՊ-ական համայնքապետերը: Այս տուգանքը, սակայն, չի նախատեսում գործարքների չեղարկում: