Մատչելիության հղումներ

Սուխումին քննադատում է Երևանին Վրաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու համար


Տեսարան Սուխումիից, արխիվ
Տեսարան Սուխումիից, արխիվ

Ինքնահռչակ Աբխազիայի արտգործնախարարությունը քննդատել է Հայաստանի դիրքորոշումը Վրաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու համար։

«Հայկական կողմին կոչ ենք անում շաբլոն արտահայտություններ չօգտագործել Վրաստանի առասպելական տարածքային ամբողջականության մասին, ինչը հակասում է օբյեկտիվ իրականությանը»,- հայտարարել է Աբխազիայի ԱԳՆ-ն՝ մեկնաբանելով Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Իլյա Դարչիաշվիլիի հայտարարությունները՝ միմյանց տարածքային ամբոջականությունը հարգելու և պաշտպանելու մասին։ Միրզոյանը Թբիլիսի էր այցելել հուլիսի 3-ին։

Սուխումին նաև ուշադրություն է դարձրել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի քվեարկությունում հայկական կողմի դիրքորոշման «լուրջ փոփոխության» վրա՝ վրացի փախստականների Աբխազիա և Հարավային Օսիա վերադառնալու բանաձևի հարցում։

«Մտահոգիչ է, որ Հայաստանի ներկայացուցիչներն առաջին անգամ կողմ քվեարկեցին տվյալ բանաձևին, չնայած այն հանգամանքին, որ Արբազիայի հայկական սփյուռքը կարևոր դեր ունի մեր հանրապետության անկախության կայացման և ամրապնդման գործընթացում։ Աբխազիայի հայկական սփյուռքի շատ ներկայացուցիչներ մեր հանրապետության ականավոր հայրենասերներն են, որ աբխազ ժողովրդի հետ կողք կողքի զենքը ձեռքին պաշտպանել են մեր երկրի անկախությունը վրացի ագրեսորներից։ Հուսով ենք մոտակա հեռանկարում Հայաստանի ղեկավարությունը ճիշտ հետևություններ կանի ստեղծված իրավիճակից և տվյալ հարցում կուղղի իր դիրքորշումը»,- նշված է ինքահռչակ Աբխազիայի արտգործնախարարության հայտարարությունում։

Մոսկվան Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը ճանաչել է 2008 թվականի ռուս-վրացական կարճատև պատերազմից անմիջապես հետո։ Միջազգային հանրությունը ճանաչում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը և Աբխազիան ու Հարավային Օսիան համարում է Վրաստանի անբաժանելի մասերը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG