Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն բաց նամակ է հղել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն՝ սուր քննադատելով Կիևին՝ ուկրաինական տարածքով ռուսական բնական գազի տարանցումը դադարեցնելու համար։
Ֆիցեն ընդգծել է դրա քաղաքական և տնտեսական հետևանքները։
«Ուկրաինայով գազի տարանցումն արգելափակելու ձեր որոշումը հսկայական վնաս է հասցրել ոչ միայն Սլովակիային, այլև ամբողջ Եվրամիությանը»,- գրել է Սլովակիայի վարչապետը՝ նշելով, որ «խաթարվում է այն կազմակերպության մրցունակությունը, որին ձգտում է միանալ Ուկրաինան»:
Ֆիցոն պահանջել է անհապաղ հանդիպում Զելենսկու հետ՝ քննարկելու հնարավոր լուծումները, այդ թվում՝ տարանցումը վերականգնելու այլընտրանքային միջոցները։
Սլովակիայի վարչապետն ավելի վաղ սպառնացել էր, ի պատասխան Կիևի, քննարկել Ուկրաինա էլեկտրաէներգիայի մատակարարումը դադարեցնելու, ուկրաինացի փախստականների օգնությունը կրճատելու հարցը։
Ռուսաստանը հունվարի 1-ին առավոտյան դադարեցրել է Ուկրաինայի տարածքով բնական գազի մատակարարումը Եվրոպա: Ըստ ռուսական «Գազպրոմ» ընկերության պարզաբանման՝ պատճառն այն է, որ Ուկրաինան բազմիցս հրաժարվել է թարմացնել 2019 թվականին կնքված պայմանագիրը, որի ժամկետը լրացել է 2024 թվականի դեկտեմբերի 31-ին:
Ուկրաինայի նախագահը դեկտեմբերի վերջին հայտարարել էր, որ մտադիր չէ թարմացնել 2019 թվականին «Գազպրոմ» և ուկրաինական «Նավթոգազ» ընկերությունների միջև կնքված պայմանագիրը, որի հիման վրա ռուսական գազն այս խողովակաշարով արտահանվում էր Եվրոպա: Վլադիմիր Զելենսկին ասել էր, որ թույլ չի տա, որ Ռուսաստանն օգուտ ստանա Ուկրաինայի տարածքով գազի արտահանումից: