Մատչելիության հղումներ

Ներթիմային վերադասավորումներ են. Շիրակի նախկին մարզպետն՝ իր ազատման մասին


Տարածքային կառավարման նախարարն այսօր դարձյալ Գյումրիում էր՝ այս անգամ ներկայացնելու Շիրակի նորանշանակ մարզպետին։ Մեկ շաբաթ առաջ էլ համայնքային աշխատողներին Գյումրիի ժամանակավոր քաղաքապետին էր ներկայացրել։ Նախկին ու ներկա մարզպետների մեջտեղում նստած Դավիթ Խուդաթյանը մեկին շնորհակալ եղավ աշխատանքի համար, մյուսին հաջողություն մաղթեց։

«Ներթիմային վերադասավորումներ են»

Կառավարության նիստից առաջ նախկին մարզպետ Մուշեղ Մուրադյանը պնդել էր, թե դիմում չի գրել, նիստից հետո էլ չկարողացավ բացատրել, թե ինչպես ստացվեց, որ դիմումն արդեն գրել էր։ Ի վերջո ինչո՞ւ երկու տարվա պաշտոնավարումից հետո նա աշխատանքից ազատվեց, այսօր ասաց. - «Այստեղ ոչ թե հարցը պաշտոնանկ լինելում է, այլ ներթիմային վերադասավորումներ են, և ես այդ ժամանակ որոշել եմ դիմում ներկայացնել աշխատանքից ազատման, ինչը բնական երևույթ է»։

Կառավարության նիստերից մեկում Նիկոլ Փաշինյանի հրապարակային խիստ նկատողությունը աշխատանքից ազատման պատճառ չի եղել, պնդեց Մուշեղ Մուրադյանը՝ հավելելով, որ վարչապետից դիմում գրելու մասին SMS հաղորդագրություն չի ստացել։

«Ամենևին կապ չուներ, նկատողությունը ստացել եմ, ցանկացած մարմին, ցանկացած կազմակերպություն, ղեկավարն իր աշխատակցին և՛ խրախուսում է, և՛ նկատողություն է անում։ Դա աշխատանքային բնականոն գործընթաց է», - նկատեց նա։

Ակնարկեց, որ առաջիկայում այլ աշխատանքի է անցնելու, վստահեցրեց՝ մնալու է «Քաղպայմանագրի» թիմում ու թիմի կողքին։ Տարածքային կառավարման նախարարն էլ նույնը ակնկարկեց։

«Մենք երբևիցե խնդիր չենք ունեցել ու չենք էլ ունենալու»

Նորանշանակ մարզպետ Դավիթ Առուշանյանը երեկ կառավարության նիստից հետո հասցրել էր նախ մարզպետարան գնալ, ապա «Քաղաքացիական պայմանագրի» Գյումրիի տարածքային կազմակերպություն։ Այս հանդիպմանը մասնակցել է նաև Գյումրիի ժամանակավոր քաղաքապետ Սարիկ Մինասյանը, որը պետք է գլխավորի քաղաքի արտահերթ ընտրություններում իշխող ուժի նախընտրական ցուցակը։

Հարցին, թե ի՞նչ են քննարկել, արդյոք մարտի վերջին կայանալիք արտահերթը, նորանշանակ մարզպետը պատասխանեց. - «Ես նախ ներկայացրի իմ դիրքորոշումը որպես մարզպետ թե իմ աշխատանքների, թե թիմային աշխատանքների մասով, պարոն Մինասյանը ևս ներկայացրեց իր դիրքորոշումները։ Ծանոթացանք, քննարկեցինք, նման հարցեր են քննարկվել։ Այլ որևէ բան տեղի չի ունեցել։ Իհարկե, մամուլը կարող է նորից տարբեր բաներ գրել, որ մենք խնդիրներ ունենք իրար հետ՝ պարոն Մինասյան, պարոն Սարուխանյան... մենք երբևիցե խնդիր չենք ունեցել ու չենք էլ ունենալու»։

ՔՊ-ական նորանշանակ մարզպետը մարզի խնդիրներին զուգահեռ նաև պետք է Գյումրիի ՏԻՄ ընտրություններով զբաղվի։ Ասաց՝ նախապատրաստվելու ժամանակ դեռ կա։

Ինչ կադրային փոփոխություններ են սպասվում

Շիրակի մարզպետարանում կադրային փոփոխություններ կլինեն։ Ովքեր կլինեն մարզպետի տեղակալները, «Ազատություն»-ը Դավիթ Առուշանյանից հետաքրքրվեց՝ ովքե՞ր։

«Փոխմարզպետը՝ պարոն Այվազյանը, մնում է, երկրորդ փոխմարզպետի նշանակումը երբ լինի, արդեն կլուսաբանվի», - ասաց նա։

«Քաղաքացիական պայմանագրի» իշխանության վեցերորդ տարում Դավիթ Առուշանյանը Շիրակի վեցերորդ մարզպետն է։

XS
SM
MD
LG