Մատչելիության հղումներ

Շենգենյան վիզա ստացած որոշ քաղաքացիների մուտքն առանձին երկրներ արգելվում է. ԱԳՆ պարզաբանումը


Արտգործնախարարությունը պարզաբանել է շենգենյան գոտու երկրներ մեկնող ՀՀ քաղաքացիների դիմումներին առնչվող հարցեր։

Նախարարությունը նշում է, որ վերջին շրջանում բողոքներ է ստացել, որ քաղաքացիները ՀՀ-ում գործող եվրոպական երկրների որոշ դեսպանություններից ստանում են շենգենյան վիզաներ, սակայն տվյալ երկիր ժամանելիս նրանց մուտքն արգելվում է, և ստիպված են լինում վերադառնալ Հայաստան։

Ըստ գերատեսչության՝ նրանց մուտքն առանձին երկրներ արգելվում է այն պատճառով, որ շենգենյան վիզա ստանալու ժամանակ դիմում-հարցաթերթիկում և հարակից փաստաթղթերով ներկայացվում է բացառապես տվյալ երկիր մեկնելու նպատակ, սակայն հետագայում՝ վիզան ստանալուց հետո, այցելության նպատակը կամ հյուրանոցի ամրագրումը փոփոխվում կամ չեղարկվում են։

«Այցելության նպատակի նմանատիպ փոփոխությունը հիմք է տալիս տվյալ երկրի իրավասու մարմիններին արգելել մուտքը, քանի որ դա գնահատվում է որպես այցելության հայտարարված և իրական նպատակի կամ պայմանների անհամապատասխանություն», - ասված է պարզաբանման մեջ։

Բացի այդ, ԱԳՆ-ն նշել է, որ շենգենյան վիզայի առկայությունն անվերապահ իրավունք չի տալիս օտարերկրացուն մուտք գործել այդ գոտի։

«Անձնագրային հսկողության ժամանակ կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր, որոնք հիմնավորում են այցի նպատակը, ինչպես նաև կարող են ստուգվել բավարար ֆինանսական միջոցների առկայությունը, հյուրանոցի ամրագրման վճարված և ուժի մեջ լինելու հանգամանքը, դուրս գրված (վճարված) հետ վերադարձի ինքնաթիռի տոմսի, այլ երկրներ ճամփորդելու վերաբերյալ հնարավոր տեղեկությունների առկայությունը և այլն։

Վիզա ստանալու համար անհրաժեշտ է դիմել Շենգենյան գոտու այն երկրի դեսպանությանը, որտեղ նախատեսվում է այցելությունը, իսկ մի քանի երկրներ այցելելու դեպքում՝ հիմնական (առավել երկար ժամկետով) այցելության երկրի դեսպանությանը», - հավելել է արտաքին քաղաքական գերատեսչությունը։

Ըստ հայտարարության՝ անհրաժեշտ է հաշվի առնել նաև, որ վիզան ստանալուց հետո՝ այցելության նպատակի, երկրի, ժամկետների և այլ պայմանների ցանկացած անհամապատասխանություն կամ հետագա չհիմնավորված փոփոխություն կարող է հանգեցնել անձի մուտքը տվյալ երկիր արգելելուն և տրված վիզան չեղարկելուն՝ ինչպես սահմանին, այնպես էլ նախքան մեկնումը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG