«Մենք ունեցել ենք այն համոզմունքը, որ տեղի է ունեցել հանցանք», - «Ազատության» հարցին, թե համաձա՞յն է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի արդարացման որոշման հետ, ասաց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը։
Վերջինս ավելի վաղ ղեկավարում էր Հատուկ քննչական ծառայությունը։
«Ես ղեկավարել եմ այն կառույցը, որն այդ քրեական գործն ուղարկել է դատարան, հետևաբար մենք ունեցել ենք այն համոզմունքը, որ տեղի է ունեցել հանցանք, և տվյալ անձն այդ հանցանքը գործել է», - նշեց նա։
Ավելի քան չորս տարվա դատավարությունից հետո դատարանն արդարացրել է Հայաստանի երրորդ նախագահին՝ հերքելով Դատախազության մեղադրանքը, թե նախագահության տարիներին Սերժ Սարգսյանը կազմակերպել է պետբյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակությունը։
«Եթե չեմ սխալվում, Դատախազությունն արդեն հայտարարել է, որ բողոք է բերելու, երբ որ կլինի դատավճիռն օրինական ուժի մեջ մտած, այդ ժամանակ կխոսենք», - հավելեց Սասուն Խաչատրյանը։
Դատախազությունը պնդում էր՝ 2013 թվականին գյուղացիներին մատչելի դիզվառելիքով ապահովելու ծրագրի մրցույթում շահել էր նախկին նախագահ Սերժ Սարգսյանի մտերիմ գործարար Բարսեղ Բեգլարյանի «Ֆլեշ»-ը, որը, ի տարբերություն հայտ ներկայացրած մյուս երկու ընկերությունների, ամենաբարձր գինն էր առաջարկել։ Դատարանը, սակայն, որոշեց, որ տարիներ առաջ կատարված գործարքը եղել է օրինական։