Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հաստատում է՝Ռուսաստանը հայկական 16 ընկերության արգելել է միրգ-բանջարեղեն արտահանել ռուսական շուկա։ Կառույցը նաև վստահեցնում է՝ գործադրվում են բոլոր ջանքերը դեպի Ռուսաստան արտահանվող միրգ-բանջարեղենի արգելանքին առնչվող իրավիճակը կարգավորելու ուղղությամբ։
Պաշտոնական հաղորդագրությամբ տեսչական մարմինը նշում է, որ բացի հավատարմագրման գործընթացից, առաջիկայում նախատեսվում է կիրառել պարբերական լաբորատոր հսկողության միջոցներ և նոր գործիքակազմ՝ նման խնդիրները բացառելու նպատակով:
Հաղորդվում է, որ տեսչական մարմինը հուլիսի 17-ին Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունից («Ռոսսելխոզնադզոր») նամակ է ստացել, որ Հայաստանից Ռուսաստան արտահանվող պտուղ-բանջարեղենի ապրիլ-հունիս ամիսների խմբաքանակներում արձանագրել է խախտումներ և կայացրել հուլիսի 15-ից ՌԴ տարածք հայաստանյան 16 ընկերությունների արտադրանքի մատակարարումը ժամանակավորապես սահմանափակելու որոշում։
Ըստ ռուսական կողմի՝ մեկ ամիս առաջ տեղեկացրել են խնդրի մասին ու հորդորել ծառայողական քննություն նշանակել, տեղեկացնել վտանգավոր ապրանքների մատակարարումը կանխելու ուղղությամբ արված աշխատանքների մասին։
Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը նաև նշում է, որ տնտեսվարողներն անմիջապես տեղեկացվել են իրենց բեռներում հայտնաբերված շեղումների մասին, իսկ իրենք վերահսկողական միջոցառումներ են սկսել, մասնավորապես հայ-ռուսական կառույցների միջև բանակցություններ Եվրասիական տնտեսական միության ընդհանուր գործընթացների տրամաբանությամբ խնդիրը կարգավորելու համար։
- Նախորդ տարի արձանագրվել էին պտուղ-բանջարեղենի նկատմամբ բուսասանիտարական հավաստագրերի տրամադրման անհամապատասխանության դեպքեր, 2024թ-ին անհամապատասխանություններն էականորեն նվազել են, և դեպի ՌԴ արտահանման դժվարություններ բեռները չունեն: