Մատչելիության հղումներ

Ռուսական էներգակիրներ տեղափոխող նավերը ԱՄՆ պատժամիջոցների պատճառով մնում են ջրերում


Ռուսական հեղուկ գազ տեղափոխող տանկեր նավահանգստում, արխիվ
Ռուսական հեղուկ գազ տեղափոխող տանկեր նավահանգստում, արխիվ

Ավելի քան 2 միլիոն բարել ռուսական նավթ տեղափոխող երեք տանկերները Չինաստանի արևելյան ջրերում են մնացել ԱՄՆ պատժամիջոցների տակ հայտնվելուց հետո: Այդ մասին հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով նավերի հետագծերի տվյալները: Նավերից երկուսը սպասում են ափի մոտ, իսկ երրորդը գտնվում է Դեղին ծովում, քանի որ Շանդուն նահանգի նավահանգիստները կառավարող ընկերությունն արգելել է պատժամիջոցների տակ ընկած նավերն ընդունել։

Միաժամանակ, Իսպանիայի ափերի մոտ է գտնվում «Գազպրոմ»-ի հեղուկ գազ տեղափոխող նավը, որը ևս ենթարկվել է պատժամիջոցների։

Հունվարի 10-ին ԱՄՆ-ն արգելափակող պատժամիջոցներ է սահմանել ռուսական նավթ արտահանող երկու խոշորագույն ընկերությունների՝ «Գազպրոմ Նեֆտ»-ի և «Սուրգուտնեֆտեգազ»-ի դեմ։ Նրանց, տասնյակ այլ ընկերությունների հետ միասին, այժմ արգելված են ֆինանսական գործարքները դոլարի կամ ամերիկյան ֆինանսական համակարգի միջոցով։

Պատժամիջոցները տարածվել են նաև Ռուսաստանի խոշորագույն նավագնացության ընկերության՝ «Սովկոմֆլոտ»-ի նկատմամբ։

Սահմանափակումները վերաբերում են տարբեր երկրների դրոշների ներքո նավարկող 183 լցանավերի, որոնք, ենթադրաբար, փոխադրում են ռուսական նավթ և նավթամթերք՝ խախտելով արևմտյան պատժամիջոցները։

ԱՄՆ նոր պատժամիջոցներին ի պատասխան՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ ռուսական էներգառեսուրսների արտահանման արդեն հաստատված ուղիները «հենց այնպես չեն կարող կտրվել»։

Ռուսաստանը, նրա խոսքով, այլընտրանքային ուղիներ է փնտրելու իր էներգառեսուրսների մատակարարման համար, որպեսզի նվազագույնի հասցնի պատժամիջոցների հետևանքները։

Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Վաշինգտոնի պատժամիջոցները «կապակայունացնեն» համաշխարհային էներգետիկ շուկան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG