Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ում գործով վաղը Բաքվում մեկնարկում է դատական նիստը, ադրբեջանական բանտից ուղերձ է տարածել, որը երեք լեզվով՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն, հրապարակվել է ֆեյսբուքյան իր էջում։ Նշվում է, որ ուղերձը փոխանցվել է ընտանիքին հեռախոսազանգի ընթացքում։
Ավելի քան 470 օր Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության մեկուսարանում գտնվող Վարդանյանը հայտարարում է՝ ազատազրկման ընթացքում 340 օր անցկացրել է մենախցում, 23-ը՝ պատժախցում:
Նախկին պաշտոնյայի խոսքով՝ իրեն տեղեկացրել են, որ իր դեմ առաջադրված է 42 մեղադրանք, որոնցից մի քանիսով նախատեսվում է ընդհուպ մինչև ցմահ ազատազրկում:
«Մինչև հիմա ինձ հնարավորություն չի տրվել ծանոթանալու պաշտոնական մեղադրական եզրակացությանը: Ինձ և իմ փաստաբանին ընդամենը թույլ են տվել թերթել 422 հատորանոց քրեական գործը ադրբեջաներենով, որին ես չեմ տիրապետում, և դրա համար հատկացվել է բավականին կարճ ժամանակահատված՝ 2024թ. դեկտեմբերի 9-ից մինչև 2025 թ. հունվարի 8-ը: Հոդվածների ցանկը, որոնցով ինձ մեղադրանքներ են առաջադրված, ռուսերենով ես ստացել եմ միայն 2025թ. հունվարի 8-ին», - ասված է Վարդանյանի անունից գրված ուղերձում։ Դրանում քաղաքական գործիչը պնդում է նաև, որ իր, իր փաստաբանի և թարգմանչի վրա «ճնշում է գործադրվել, որպեսզի ստիպեն ստորագրել փաստաթղթեր հետին թվով, այդ թվում՝ չկայացած հարցաքննությունների կեղծ արձանագրություններ»:
«Պաշտոնապես հայտարարում եմ հետևյալը. Իմ ձերբակալման առաջին օրվանից ի վեր ես ոչ մի ցուցմունք չեմ տվել, բացառությամբ առաջին հարցաքննության, որի ժամանակ ուղղակի ասել եմ իմ անուն-ազգանունը: Եվս մեկ անգամ ընդգծում եմ. իմ ստորագրությամբ բոլոր արձանագրությունները կեղծ են: Այդ փաստաթղթերն իրականում գոյություն չունեն: Իմ փաստաբանին և թարգմանչին ստիպել են իրենց ստորագրությունները դնել այդ փաստաթղթերի տակ»,- պնդում է Ռուբեն Վարդանյանը՝ հայտարարելով, որ բացարձակ անմեղ է թե՛ ինքը, թե՛ իր հայրենակիցները, և պահանջելով անհապաղ դադարեցնել իրենց նկատմամբ «այս քաղաքականացված գործը»:
Վարդանյանը մի շարք պահանջներ էլ է հնչեցրել՝ իրեն ու իր փաստաբանին հնարավորություն տալ լիարժեք պատրաստվել պաշտպանության՝ այդ թվում ծանոթանալ գործի նյութերին ռուսերենով, անընդունելի ճանաչել «բոլոր կեղծ փաստաթղթերն ու հարցաքննությունների արձանագրությունները», իր և մյուս ռազմագերիների դատավարությունն անցկացնել հրապարակային՝ միջազգային լրատվամիջոցների և հումանիտար կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Արցախի նախկին պետնախարարը պահանջում է նաև իր գործը միավորել մյուս մեղադրյալների գործերի հետ։
«Ո՛չ չարություն, ո՛չ ատելություն ես չեմ զգում: Հակառակը, ես անկեղծորեն կարեկցում եմ բոլոր նրանց, ովքեր օրենք, բարոյական սկզբունքներ ու Ղուրանի պատվիրաններ են խախտում:
Ես վստահ եմ, որ իրական խաղաղությունը հնարավոր կլինի միայն այն ժամանակ, երբ հակամարտությունում ներգրավված երկրների առաջնորդները, իրենց հասարակությունների հավանությամբ, կկարողանան միասին ծաղիկներ խոնարհել այս պատերազմում բոլոր ընկածների շիրիմներին», - ասված է ուղերձում:
«Իմացեք, որ ես ամուր եմ, դիմանում եմ և հավատում եմ, որ ճշմարտությունը հաղթելու է», - իր ուղերձն ամփոփում է Ռուբեն Վարդանյանը:
Ադրբեջանական բանտերում դեռ 23 հայ է պահվում, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից Արցախի վրա 2023-ին սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակման հետևանքով գերեվարված 16 անձինք։ Գերեվարվածների շարքում են արցախցի 8 պաշտոնյաները՝ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը:
Բաքուն Արցախի նախկին պաշտոնյաներին ծանր մեղադրանքներ է առաջադրել՝ ահաբեկչությունից մինչև ապօրինի զինված խմբավորումների կազմավորում։