Մատչելիության հղումներ

«Ռոսսելխոզնադզոր»-ը սահմանափակումներ է կիրառել Max Fish-ի խավիարի նկատմամբ, ընկերությունը քաղաքական ենթատեքստ է տեսնում


«Ռոսսելխոզնադզոր»-ը որոշել է ժամանակավոր սահմանափակումներ կիրառել հայկական Max Fish ընկերության արտադրանքի նկատմամբ:

«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, գործակալությունը աղիքային ցուպիկների բակտերիա է հայտնաբերել ընկերության կարմիր խավիարում:

Հայաստանի սննդի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ) պաշտոնական գրություն ռուս գործընկերներից դեռ չի ստացել։

«Ինչպես Դուք, այնպես էլ մենք, դա իմացել ենք «Ռոսսելխոզնադզոր»-ի կայքից, պաշտոնական որևէ տեղեկություն դեռ չունենք, որևէ փաստաթուղթ չենք ստացել։ Իրենք խնդիրն արձանագրում են, խնդրի մասին մեզ տեղեկացնում են, դրանից հետո մենք ձեռնարկում ենք գործողություններ, տվյալ դեպքում, ամենայն հավանականությամբ այդ ընկերությունը ևս մեկ անգամ վերահսկողության կենթարկվի», - «Ազատության»-ը փոխանցեց ՍԱՏՄ խոսնակ Անուշ Հարությունյանը։

Ընկերությունն «8 տարվա մեջ առաջին անգամ է նման խնդրի բախվել»

Ձկնարտադրությամբ զբաղվող Max Fish ընկերությունից «Ազատության»-ը փոխանցեցին՝ 2016-ից բացառապես Ռուսաստան են արտահանում իրենց մթերքներն ու առաջին անգամ են այս խնդրին բախվել։ Երկուշաբթի պաշտոնական հայտարարությամբ հանդես կգան, բայց մինչ այդ ընդգծեցին՝ քաղաքական ենթատեքստ են տեսնում:

«Այսքան ժամանակ խնդիր չենք ունեցել: Հիմա ինչ-որ բան են գտել մեր խավիարի մեջ, ինչը մարդու կյանքին վտանգ չի սպառնում, դա երկրորդային ինֆեկցիա է, ջերմային պայմանում ոչնչանում է: Գուցե դա հենց տեղափոխման ու սխալ պահման հետևանքով առաջացած խնդիր է: Մեզ թվում է սա քաղաքական հարց է, պետություններն իրար չեն հասկանում՝ տուժում է բիզնեսը: Մեր արտադրամասն ու ձկնաբուծարանը հագեցած են բարձր տեխնոլոգիական նորամուծություններով, նմուշներն ամեն օր ենք լաբորատոր ստուգումների ենթարկում, խնդիրներ չեն եղել: Այս հարցն ուրիշ դաշտում է: Ռուսաստանն իր «Ռոսսելխոզնադզոր»-ն օգտագործում է, որպես ստրատեգիական կառույց. ցանկացած պետության հետ, որոշ շահեր չհամընկնելու դեպքում օգտագործում է այս կառույցն՝ իր հարցերը լուծելու համար», - փոխանցեց Max Fish ընկերության ներկայացուցիչը, ով չցանկացավ ներկայանալ։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը նախորդ տարի ստուգել է Հայաստանի բոլոր ձկնաբուծարանները: Այդ ցանկում նաև Max Fish-ն է եղել, բայց ՍԱՏՄ-ն այնտեղ խնդիրներ չի արձանագրել, մյուսներում՝ հայտնաբերել է։

«Բոլոր տեսակի խախտումներ էլ եղել են՝ ոչ շատ։ Ե՛վ մանրէաբանական խախտումներ էին հայտնաբերվել, և հիվանդություններ ձկների մոտ, էդ ամբողջ խմբաքանակները ոչնչացվել են», - ասաց Հարությունյանը։

Նախորդ տարի էլ «Ջերմուկ Գրուպ»-ի առանձին խմբաքանակների վաճառքն էր արգելվել

Ռուսական պետական գործակալությունը նախորդ տարվա դեկտեմբերի 28-ից մինչև փետրվարի 12-ն էլ հայկական «Ջերմուկ Գրուպ»-ի առանձին խմբաքանակների վաճառքն էր արգելել Ռուսաստանում: Հայտարարել էին, թե Վլադիկավկազի մի բնակիչ մահացել է հիվանդանոցում, որտեղ նրան փորձել են փրկել հանքային ջրի շշից մի կում հեղուկ խմելուց հետո առաջացած սուր այրվածքից: Հայաստանի ՍԱՏՄ-ն նախորդ շաբաթվա սկզբին է միայն ռուսներից պաշտոնական նամակ ստացել։

«Իրենք խնդրում էին մեր գործառույթների շրջանակում հասկանալ թե «Ջերմուկ»-ն ինչպես է աշխատում, մենք դրան արձագանքեցինք, և ևս մեկ անգամ ստուգում իրականացվեծ «Ջերմուկ»-ում, թեև վերջին անգամ 2022 թվականին էր արվել և այնտեղ որևէ խախտում չէր հայտնաբերվել։ Հաստատվեց փաստը, որ «Ջերմուկ»-ի տեխնոլոգիական որևէ գործընթացում քացախ չի օգտագործվում», - ասաց ՍԱՏՄ խոսնակը։

«Ջերմուկ գրուպ»-ը նույնպես պաշտոնապես հերքել էր ռուսական կողմի պնդումները՝ հայտարարելով, որ իր փակ արտադրական շղթայում քացախ ընդհանրապես չի օգտագործվում։

Սրանից առաջ խնդիրներ էին առաջացել նաև հայկական կոնյակի, կաթնամթերքի, պտուղ բանջարեղենի հետ։

«Ջերմուկ»-ի պատմությունից հետո, ի դեպ, կառավարության նիստերի ընթացքում, գործադիրի անդամների առջև դրված խմելու ջրերը փոխվեցին, հիմա նաև հանքային այդ ջուրն է նրանց սեղաններին։

XS
SM
MD
LG