Ռուսաստանի բժշկական համայնքի տասնյակ ներկայացուցիչներ Քննչական կոմիտեից պահանջում են քրեական գործ հարուցել ընդդիմադիր առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի մահվան դեպքի առթիվ և պատասխանատվության ենթարկել Դաշնային քրեակատարողական ծառայության աշխատակիցներին։ Նրանք, ըստ բժիշկների, իրենց պարտականություններն անփույթ կերպով են կատարել, ինչն էլ հանգեցրել է քաղաքական գործչի մահվան։
Բժիշկները բաց նամակում չեն նշում Նավալնիի մահվան պատճառների մասին իրենց վարկածները, այլ վերլուծում են Քննչական կոմիտեի որոշումը քրեական գործ հարուցելը մերժելու մասին։
Փաստաթղթում, որն անցած օրերին հրապարակել էր Նավալնիի այրին, նշվում է, որ փետրվարի 16-ին բանտում ընդդիմադիր առաջնորդի մահվան պատճառը «համակցված հիվանդությունն էր՝ հիպերտոնիա՝ անոթային և օրգանների վնասվածքներով, ցրված միոկարդիոսկլերոզ, որը բարդանում է ուղեղային այտուցի, փորոքային ֆիբրիլյացիայի, թոքային այտուցի զարգացմամբ»:
Բժիշկները պնդում են, որ նկարագրված պաթոլոգիաները զարգանում են, եթե հիվանդը երկար ժամանակ տառապում էր հիպերտոնիկ հիվանդությամբ, ինչը պահանջում էր բուժում և բացառում դատապարտյալին պատժախուց ուղարկելը։ Մինչդեռ, ինչպես նշվում է բժիշկների նամակում, Նավալնին «պարբերաբար ուղարկվել է պատժախուց՝ չնայած առկա բժշկական հակացուցումներին, որոնք, ի վերջո, հանգեցրել են (ըստ ներկայացված որոշման) հիպերտոնիայի վտանգավոր բարդությունների»։
«Մենք պահանջում ենք քրեական գործ հարուցել և պատասխանատվության ենթարկել Նավալնիի մահվան մեղավորներին»,- ասված է տասնյակ բժիշկների անունից հրապարակված նամակում։