Անցած երկու ամսում միայն ռուսական բանակը Ուկրաինայում մոտ 1100 քառակուսի կիլոմետր տարածք է օկուպացրել․ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Ալեքսանդր Սիրսկին հայտարարել է, թե Ռուսաստանի այժմյան հարձակումը ամենաինտենսիվներից է արդեն 2,5 տարուց ավելի շարունակվող պատերազմի ողջ ընթացքում։
Այս պահին ուկրաինացի զինվորականները փորձում են կանգնեցնել ռուսների առաջխաղացումը հատկապես երկու՝ ռազմավարական նշանակություն ունեցող Կուրախովոյի և Կոնստանտինովկայի ուղղություններով։
Եթե կուրախովոն ընկնի, Դոնցեկի ողջ հարավը, փաստացի, կանցնի ռուսների վերահսկողության տակ։ Կոնստանտինովկան էլ ճակատից մոտ յոթ կիլոմետր է հեռու։
Տեղի բնակիչներն «Ազատության» լրագրողներին պատմել են՝ բնակելի տները ռմբակոծվում են գրեթե ամենօրյա ռեժիմով, նախօրեին մի ողջ ընտանիք էր վիրավորվել։
Ամերիկյան New York Times-ը, հղում անելով Պենտագոնում իր աղբյուրին, գրել է, թե ուկրաինական բանակը կարող է դեռևս 6-12 ամիս դիմադրել այս ագրեսիային, ռուսներն էլ արդեն եկող տարի կարող են զգալ մարդկային ռեսուրսի պակաս՝ պատերազմը շարունակելու համար։
Մինչ այդ, սակայն, Կրեմլը Ուկրաինայի հետ սահմանին 10 հազարից ավելի հյուսիսկորեացի զինվորականներ է տեղակայվել։ Այսօր արևմտյան մամուլը գրել է, թե ռազմական գործողություններին հյուսիսկորեացի զինվորականների մասնակցության դիմաց Մոսկվան Փհենյանին բրինձ կմատակարարի, իսկ Ռուսաստանում գտնվող զինվորներն էլ ամսական 2000 դոլար կստանան։
Գերմանիայի արտաքին գործերի նախարարը ժամանել է Կիև
Ճակատում օր օրի սրվող իրադրության և մոտալուտ ձմռան շեմին հերթական անգամ Կիև է ժամանել Գերմանիայի արտաքին գործերի նախարարը՝ խոստանալով շտապ կարգով 170 միլիոն եվրո օժանդակություն տրամադրել:
Գումարն, ըստ Աննալենա Բերբոքի, պետք է ծախսվի ռուսական ամենօրյա գնդակոծությունից տուժող էներգետիկ ենթակառուցվածքի վերականգնման վրա։ Պատերազմի մեկնարկից ի վեր ռուսական զորքը միտումնավոր թիրախավորում է Ուկրաինայի ռազմավարական նշանակության ենթակառուցվածքները, այդ թվում՝ էլեկտրակայաններն ու էլեկտրահաղորդման գծերը։
Գերմանիան նաև Ուկրաինային ամենաշատը զենք մատակարարող երկրորդ երկիրն է՝ Միացյալ Նահանգներից հետո: Աջակցությունը կշարունակվի այնքան, որքան դրա կարիքը կլինի, ասել է այդ երկրի արտգործնախարարը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին էլ այսօր հայտարարել է, թե դրական տեղաշարժ կա հրետանու մատակարարումների հարցում։ Այլ մանրամասներ Զելենսկին չի ներկայացրել։
Երկու օր առաջ, սակայն, նա հրապարակավ բողոքել էր, որ Ուկրաինան դեռ ԱՄՆ Կոնգրեսի գարնանը հաստատած օգնության միայն 10 տոկոսն է ստացել: