Ռուսաստանի արտգործնախարարությունը անցանկալի անձ է հայտարարել Մոսկվայում Ռումինիայի դեսպանատան աշխատակցին։ Ռուսաստանյան դիվանագիտական գերատեսչությունը հայտնում է, որ համապատասխան նոտան փոխանցվել է անձամբ դեսպանին՝ Քրիստիան Իստրատեին։
Դիվանագետի անունը չի հրապարակվում։
Պաշտոնական Մոսկվան նշում է, որ այդ քայլը պատասխանն է Ռումինիայի իշխանությունների՝ Բուխարեստում ՌԴ դեսպանատան աշխատակցին պերսոնա նոն գրատա հայտարարելուն։
Մայիսի վերջին Ռումինիայի ԱԳՆ-ն երկրում Ռուսաստանի դեսպանատան դիվանագետին պերսոնա նոն գրատա էր հայտարարել, պնդելով, որ ռուս դիվանագետը խախտել է դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիան։ Մինչ այդ Ռումինիայի իրավապահները հայտնել էին Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ կասկածվող երկրի քաղաքացու ձերբակալության մասին։
Քննիչների տվյալներով՝ նա մասնավորապես տվյալներ է հավաքագրել և ռուսական կողմին փոխանցել Ուկրաինայի հետ սահմանին գտնվող Ռումինիայի և ՆԱՏՕ-ի ռազմական օբյեկտների վերաբերյալ։