Ռուսաստանի և Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ներկայացուցիչները Մոսկվայում քննարկել են Կենտրոնական Ասիայում, Հարավային Կովկասում, ինչպես նաև Ուկրաինայում իրավիճակը։
Ըստ Ռուսաստանի արտգործնախարարության՝ Հարավային Կովկասում իրավիճակը դիտարկելիս հաստատվել է «3+3» պլատֆորմի հետագա զարգացման կարևորությունը։
«3+3»-ը 44-օրյա պատերազմից հետո Թուրքիայի նախաձեռնած և Ռուսաստանի աջակցությունը ստացած տարածաշրջանային համագործակցության ձևաչափ է։ Այն ենթադրում է հարավկովկասյան երեք երկրների՝ Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև տարածաշրջանի երեք տերությունների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասնակցությունը։ Վրաստանը հայտարարել է, որ հարթակին չի միանում Ռուսաստանի հետ հակասությունների պատճառով։
Այս ձևաչափով առաջին հանդիպումը 2021-ի ավարտին էր ու չնայած աշխատանքները շարունակելու մասին մերթընդմերթ հնչող հայտարարություններին, այլ հանդիպում այդպես էլ չանցկացվեց։
2023-ի հոկտեմբերի վերջին Թեհրանում «3+3» ձևաչափով առաջին հանդիպումը եղավ արտգործնախարարների մակարդակով՝ կրկին առանց Թբիլիսիի մասնակցության։
Այս տարվա նոյեմբերի վերջին Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարեց, որ Մոսկվան ակտիվորեն աշխատում է «3+3» հարթակը լիարժեք կազմակերեպության ձևափոխելու ուղղությամբ՝ նշելով, որ ձևաչափը կարևոր դեր ունի տարածաշրջանի բոլոր երկրների շահերը համադրելու հարցում։
Կենտրոնական Ասիայի հարցի քննարկման ընթացքում, ըստ Ռուսաստանի արտգործնախարարության, նշվել է տարածաշրջանում կայունության ապահովման կարևորությունն ու պետությունների հետ համագործակցության մեծ ներուժը։
«Իրանցի գործընկերներին մանրամասն բացատրվել են ռուսական կողմի մոտեցումներն ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ», - ասված է հաղորդագրությունում։
Նշվում է նաև, որ Ռուսաստանի փոխարտգործնախարար Գալուզինն առանձին ընդունել է Իրանի արտաքին գործերի նախարարության եվրասիական երկրների գլխավոր տնօրեն Դամիրչիլուին։ Նրանք մտքեր են փոխանակել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային հարցերի շուրջ։
Ըստ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության՝ քննարկումներն ընթացել են ռուս-իրանական ռազմավարական գործընկերությանը բնորոշ բարեկամության և համագործակցության մթնոլորտում։