Մատչելիության հղումներ

Ռուսաստանը հրավիրում է բոլոր շահագրգիռ երկրներին մասնակցելու «Հյուսիս-Հարավ» միջանցքի զարգացմանը. Պուտին


Ռուսաստանը հրավիրում է բոլոր շահագրգիռ երկրներին մասնակցելու «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացմանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Բայկալ-Ամուրյան երկաթուղային մայրուղու վետերան շինարարների հետ հանդիպմանը, որին ներկա էր նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Ինչպես և Բայկալ-Ամուրյան մայրուղին, որը դարձավ իսկապես համամիութենական շինարարական նախագիծ, որը կոչված էր ծառայելու [Խորհրդային] Միության բոլոր հանրապետությունների շահերին, Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը պետք է դառնա ամենալայն միջազգային համագործակցության օրինակ»,-հայտարարել է Պուտինը՝ հավելելով․ - «Մենք հրավիրում ենք բոլոր շահագրգիռ պետություններին մասնակցել այս նախագծին»:

Կրեմլի ղեկավարն ընդգծել է՝ «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային երթուղին գծվում է «Եվրասիայի և համաշխարհային հարավի երկրների տնտեսական և սոցիալական զարգացմանը տեմպ հաղորդելու նպատակով»։

Արձագանքելով ռուս պաշտոնակցի առաջարկին Ադրբեջանի նախագահը հաստատել է Բաքվի մասնակցությունը՝ իր հերթին հայտարարելով, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը «հերթական խոշորագույն նախագիծն» են ծրագրում իրականացնել «Հյուսիս-Հարավ» միջանցքի շրջանակներում:

«Ինչ վերաբերում է «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքին, ապա ես և Վլադիմիր Վլադիմիրովիչն այսօր ևս մեկ անգամ մանրամասն քննարկել ենք այդ հարցը, վստահ եմ, որ մոտ ապագայում բոլոր հարցերը կհամաձայնեցվեն, մենք կսկսենք իրականացնել ևս մեկ հսկայական նախագիծ», - ասել է Ալիևը։

Նրա խոսքերով՝ թեև Ադրբեջանի տարածքում արդեն իսկ գործում է երկաթգիծ, որը կապում է ադրբեջանա-ռուսական սահմանը Ադրբեջանի և Իրանի սահմանի հետ, այդուհանդերձ «բեռնափոխադրողների կարիքները թելադրում են այդ ճանապարհի նոր հատվածների կառուցման անհրաժեշտությունը»:

«Որպեսզի մենք կարողանանք ավելացնել բեռնափոխադրումները դրա երկայնքով և դրանով ապահովել եզակի տրանսպորտային երթուղի հյուսիսից Հնդկական օվկիանոս»,- նշել է Ալիևը։

«Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքը նախատեսված է ապահովել Իրանի միջոցով Բալթյան երկրների և Հնդկաստանի միջև առկա տրանսպորտային կապը։ Նախագծի մասնակից երկրները պնդում են, որ այդ միջանցքի հիմնական առավելությունները մյուս երթուղիների նկատմամբ կայանում են բեռնափոխադրումների ճանապարհի երկուսուկես անգամ կրճատումը, ինչպես նաև բեռների փոխադրման սակագնի նվազեցումը՝ ի տարբերություն ծովային եղանակով փոխադրման։

Մեկ տարի առաջ Ռուսաստանը և Իրանը «Հյուսիս-Հարավ» նախագծի շրջանակներում համաձայնություն են ձեռք բերել Ադրբեջանի և Իրանի միջև Ռեշտ-Աստարա ճանապարհահատվածի համատեղ շինարարության մասին, որը կապահովի անցում դեպի Պարսից ծոցի նավահանգիստներ։ Ըստ ռուսական լրատվամիջոցների՝ ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 1,6 մլրդ եվրո, այս հատվածի կառուցման համար կտրամադրվի միջպետական վարկ՝ 1,3 մլրդ եվրոյի չափով: Փաստաթղթի համաձայն, Մոսկվան և Թեհրանը համատեղ կֆինանսավորեն նախագծումը, շինարարությունը, ինչպես նաև ապրանքների և ծառայությունների մատակարարումը։

Ռեշտ-Աստարա երկաթուղու շինարարության մասին ռուս-իրանական համաձայնագրի ստորագրումից հաշված ժամեր անց Վաշինգտոնը զգուշացրեց՝ եթե «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքը օգտագործվի Արևմուտքի կողմից սահմանված պատժամիջոցները շրջանցելու համար, ամերիկյան նոր սանկցիաները չեն ուշանա։

XS
SM
MD
LG