Մատչելիության հղումներ

Վաղը Հայաստան-Թուրքիա սահմանին տեղի կունենա Ռուբինյան-Քըլըչ 5-րդ հանդիպումը


Ռուբեն Ռուբինյան, Սերդար Քըլըչ
Ռուբեն Ռուբինյան, Սերդար Քըլըչ

Վաղը Հայաստան-Թուրքիա սահմանին տեղի կունենա հատուկ ներկայացուցիչների 5-րդ հանդիպումը, տեղեկացնում է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունն՝ առանց այլ մանրամասներ ներկայացնելու։

Հայ-թուրքական կարգավորման հարցով հատուկ բանագնացները մինչ օրս պաշտոնական չորս հանդիպում են ունեցել, վերջինը՝ Վիեննայում: Այդ հանդիպմանը կողմերը պայմանավորվել էին բացել ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար ամենասեղմ ժամկետներում: Իրականացման հարցում, սակայն, առաջընթաց չկա:

Անցած շաբաթավերջին վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արմավիրի մարզ կատարած այցի շրջանակներում նաև Մարգարայի անցակետ էր այցելել, որը հայկական կողմը վերանորոգել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ակնկալիքով։ Ծրագիրն, ըստ վարչապետի, 1 մլրդ դրամ է արժեցել։

Անցակետի կապիտալ նորոգումը տևել է մոտ 6 ամիս, ավարտվել է 2023-ի նոյեմբերին։

Այս տարվա հունիսին Ռուբեն Ռուբինյանը հայտարարեց, որ Երևանը «չի տեսել» Անկարայի քայլերը՝ երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանը բացելու ուղղությամբ։

«Անցակետը պատրաստ է գործունեության համար, թուրքական կողմից մենք չենք տեսել քայլեր այս պայմանավորվածութան իրագորման ուղղությամբ», - ասել էր ԱԺ փոխնախագահը։

Հայ-թուրքական այդ սահմանը փակ է 1993 թվականից: Հայաստանը Թուրքիային կապող ամենակարճ ավտոճանապարհը մի քանի ժամով բացվեց միայն 2023-ի փետրվարին, երբ հայկական բեռնատարները օգնություն էին տանում երկրաշարժից տուժած աղետի գոտի:

Այս տարվա մարտին, Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում, Թուրքիայի հատուկ բանագնաց Սերդար Քըլըչն առաջարկել էր հաջորդ հանդիպումն անցկացնել Երևանում: Հայաստանի հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը խոստացել էր քննարկել՝ միևնույն ժամանակ կարևորելով արդեն իսկ ձեռք բերված համաձայնությունների իրականացումը:

Հուլիսի 1-ին լրատվամիջոցները գրել էին, թե հուլիսի 2-ին նախատեսվում է Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպում Մարգարայում: Ռուբինյանն «Ազատության»-ը փոխանցել էր, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Հայաստանի արտգործնախարարությունն էլ ասել էր, որ «հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամկետի վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո հանրությունը պատշաճ ժամկետում կիրազեկվի»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG