Մատչելիության հղումներ

Ջեյք Սալիվանն ու Չագաթայ Քըլըչն ընդգծել են Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի կարևորությունը


Ջեյք Սալիվան, Չագաթայ Քըլըչ
Ջեյք Սալիվան, Չագաթայ Քըլըչ

Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով խորհրդական, դեսպան Ակիֆ Չագաթայ Քըլըչի հետ։

Ըստ Սպիտակ տան՝ կողմերն ընդգծել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կարևորությունը։

Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը Բաքվում նոյեմբերին կայանալիք COP29-ի համաժողովը լավ հնարավորություն էր համարել խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար։

Պաշտոնական Երևանն արձագանքել էր՝ «ամեն օր էլ հրաշալի հնարավորություն է խաղաղության պայմանագիր ստորագրելու»։ «Հիմա մենք ունենք մթնոլորտի էական փոփոխություն, բայց դա դեռ չի նշանակում, որ վերջ, հասել ենք եզրագծին, և մնում է ստորագրել», - ասել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հայկական կողմից ավելի վաղ հայտարարել էին, որ Ալմա-Աթայի հռչակագրի մասին դրույթը խաղաղության պայմանագրում ամրագրելու շուրջ համաձայնություն դեռ չկա։

Հայաստանի և Ադրբեջանի միջև ավելի քան երկու տարի բանակցվող խաղաղության պայմանագրի տեքստն արդեն 9-րդ խմբագրումն է անցել։ Երևանը ապրիլի վերջին հաստատեց, որ ստացել է Բաքվի հերթական առաջարկները։

Սալիվանն ու Քըլըչը երեկ քննարկել են նաև երկկողմ հարցեր, այդ թվում՝ պաշտպանության ոլորտում համագործակցությունը, ողջունել Թուրքիայի և Հունաստանի միջև հարաբերությունների բարելավումը, ինչպես նաև ընդգծել Գազայում Իսրայելի առաջարկած զինադադարի հաստատման անհրաժեշտությունը։

Իրավիճակը Մերձավոր Արևելքում կտրուկ սրվել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին, երբ «Համաս»-ի զինյալները Գազայի հատվածից անսպասելիորեն հարձակվել են հրեական խաղաղ ավանների վրա: Այդ գրոհների հետևանքով սպանվել է մոտ 1200 իսրայելցի, ևս ավելի քան 250 իսրայելցի պատանդառվել է:

Նոյեմբերին Իսրայելն ու «Համաս»-ը գերիներ են փոխանակել։ Սակայն «Համաս»-ի կողմից դեռ 120 մարդ պատանդ է պահվում, այդ թվում՝ կանայք, ծերեր և երեխաներ։

Ըստ պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարության՝ Գազայի հատվածում իսրայելան ռազմական գործողությունների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը գերազանցել է 36 հազարը։

Իսրայելի կառավարությունը հայտարարել է, որ Գազայի հատվածն ամբողջությամբ մաքրելու է «Համաս»-ի ահաբեկիչներից: Մեծ թվով երկրներ անհամաչափ են համարում Իսրայելի պատասխան գործողությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG