Մատչելիության հղումներ

ՌԴ էներգետիկ ոլորտի դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցները կապակայունացնեն գլոբալ շուկաները. Պեսկով


Ռուսաստանի էներգետիկ ոլորտի դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցները կապակայունացնեն համաշխարհային շուկաները, հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Նա նշել է, թե պարզ է, որ ԱՄՆ-ը կշարունակի փորձել խարխլել ռուսական ընկերությունների դիրքերը ոչ մրցակցային ճանապարհներով, սակայն Մոսկվան հույս ունի, որ կկարողանա հակազդել դրան:

«Ընդհանուր առմամբ, մենք ավելի վաղ քննարկել ենք պատժամիջոցները, և կանխատեսում էինք, որ մինչև Սպիտակ տանը գտնվելու վերջին օրը պարոն Բայդենը և նրա վարչակազմը կանեն ամեն ինչ, որպեսզի Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերությունների առումով թողնեն ամենավատ ժառանգությունը: Նրանք հետևողականորեն հետևում են այս ուղեգծին», - ասել է Դմիտրի Պեսկովը։

«Սակայն, իհարկե, նման որոշումները չեն կարող չհանգեցնել միջազգային էներգետիկ շուկաների և նավթի շուկաների որոշակի ապակայունացմանը: Նախ՝ մենք շատ ուշադիր կմշտադիտարկենք հետևանքները և կկարգավորենք մեր ընկերությունների աշխատանքը, որպեսզի նվազագույնի հասցնենք այդ որոշումների՝ այդ ապօրինի հետևանքները»,- հավելել է Կրեմլի խոսնակը:

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերջին փաթեթը ԱՄՆ-ը սահմանել է 2025 թվականի հունվարի 10-ին: Դրանք թիրախավորում են Ռուսաստանի էներգետիկ ոլորտը, ներառյալ խոշոր նավթ արտադրողներին, ինչպիսիք են «Գազպրոմ Նեֆթ» և «Սուրգուտնեֆտեգազ» ընկերությունները, ինչպես նաև ավելի քան 183 նավեր, որոնք կիրառվում են ռուսական նավթի փոխադրման համար: Պատժամիջոցները վերաբերում են նաև նավթի առևտրով զբաղվողներին, այս ոլորտում ծառայություններ մատուցողներին և ապահովագրական ընկերություններին:

Վաշինգտոնը հայտարարել է, որ այս քայլը նպատակ ունի կրճատել Ռուսաստանի եկամուտները, որոնք կիրառվում են Ուկրաինայի հետ պատերազմի ֆինանսավորման համար: Ըստ ամերիկյան կողմի՝ պատժամիջոցները Ռուսաստանի համար կարող են ամսական միլիարդավոր դոլարներ արժենալ, եթե դրանք բավարար չափով կիրառվեն:

Դմիտրի Պեսկովը նաև նշել է, որ «Ռոսատոմը» կշարունակի իր բիզնեսը միջազգային մակարդակում: «Այն միջազգային միջուկային շուկայի, խաղաղ էներգետիկ արդյունաբերության անվիճելի առաջատարներից է: Եվ, իհարկե, ունի շատ ակնհայտ բարձր տեխնոլոգիաներ, առավելություններ մրցակիցների նկատմամբ», - հավելել է Պեսկովը։

Պեսկով. Պուտին-Թրամփ հանդիպման համար դեռ կոնկրետ նախապատրաստություն չկա

ԱՄՆ կոնգրեսական Մայք Ուոլցը, ում ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն ընտրել է որպես ազգային անվտանգության հարցերով խորհրդական, երեկ ABC News-ին տված հարցազրույցում ասել է, որ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին կամ շաբաթներին: Նա նշել է, որ դեռ չեն որոշել հանդիպման հստակ ձևաչափը, բայց աշխատում են դրա վրա։

Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով սա, ասել է, որ հանդիպման համար դեռ կոնկրետ նախապատրաստություն չկա, սակայն հավելել է, որ դրա համար կա ըմբռնում և քաղաքական կամք։ Ըստ նրա՝ շատ երկրներ են առաջարկում հանդիպումն անցկացնել իրենց երկրում, սակայն Պուտին-Թրամփ հնարավոր շփումների մասին խոսելը դեռ վաղ է:

«Բովանդակային նախապատրաստություններ չկան, բայց կա հայտարարված ըմբռնում և քաղաքական կամք, որ նման շփումները կլինեն շատ, շատ անհրաժեշտ և նպատակահարմար: Այս հարցին ավելի մանրամասն կանդրադառնանք Վաշինգտոնում վարչակազմի փոփոխությունից հետո»,- ասել է նա։

XS
SM
MD
LG