Մատչելիության հղումներ

Առաջիկայում նախատեսվում էր Ռայիսիի այցը Հայաստան․ Ալեն Սիմոնյան


ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան, արխիվ
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան, արխիվ

Առաջիկայում նախատեսվում էր Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի այցը Հայաստանը, այսօր Իրանի դեսպանությունում բացված սգո մատյանում գրառում անելուց հետո լրագրողների հետ զրույցում վերջին օրերին շրջանառվող լուրը հաստատել է Ազգային ժողովի նախագահը:

«Դա մեզ համար շատ կարևոր էր»,- ընդգծել է Ալեն Սիմոնյանը:

Ռուսական պետական «Տասս»-ը և որոշ տելեգրամյան ալիքները գրել էին, թե ապրիլի 19-ին Ռայիսին պետք է ժամաներ Սյունիք, որտեղ նախատեսվում էր «Հյուսիս- Հարավ» ճանապարհի բացման արարողությունը, սակայն վերջին պահին այցը չեղարկվել է։

Հայաստանի արտգործնախարարությունը ոչ հերքել և ոչ էլ հաստատել էր տեղեկությունը՝ նշելով, թե «Հայաստան բարձրաստիճան պաշտոնյաների հաստատված այցերի մասին տրվում է պաշտոնապես տեղեկատվություն»։

Իրանի նախագահն ապրիլի 19-ին այցելել էր Իրան-Ադրբեջան սահման՝ մասնակցելու Ադրբեջանի հետ համատեղ ամբարտակի նախագծի բացման արարողությանը։ Վերադարձին հաղորդվեց, որ նախագահին, արտգործնախարարին ու այլ պաշտոնյաների տեղափոխող ուղղաթիռը Արևելյան Ադրբեջան նահանգի հյուսիս-արևմուտքում գտնվող Վարզաքան շրջանում վատ եղանակի պատճառով կոշտ վայրէջք է կատարել, ավելի ուշ հաղորդվեց, որ ուղղաթիռի վթարից նախագահն ու ուղղաթիռում գտնվող բոլոր անձինք մահացել են։

Սիմոնյանն այսօր նաև նշել է, որ Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը թե՛ Հայաստանի, թե՛ տարածաշրջանի համար շատ ակտիվ ջանքեր էին ներդնում։

«Իրոք շատ ցավալի է, ցավակցում եմ բարեկամ ժողովրդին այս անհասկանալի իրադարձության հետ կապված», - ասել է ԱԺ խոսնակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG