Մատչելիության հղումներ

Երկաթուղու վերականգնման ձգձգումը կարող է լուրջ խնդիրների հանգեցնել. տնտեսագետ


Դեբեդի հեղեղը ջրել է նաև երկաթուղային բեռնափոխադրումները։ «Հարավկովկասյան երկաթուղու» գծերը 8 տեղում վնասվել են, 2.5 կիլոմետր երկայնքով, 4 էլեկտրակայան է հեղեղվել, մինչև 40 սյուն գետը քշել, տարել է։

«Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Մոսկվայում շփումներ է ունեցել ռուսաստանցի գործընկերների հետ, մասնավորապես «Ռուսասկան երկաթուղիներ» ընկերության հետ, և ռուսաստանցի գործընկերները հավաստիացրել են, որ հնարավոր ամենասեղմ ժամկետներում երկաթուղին կվերականգնվի, որը շատ կարևոր է», - այսօր կառավարության նիստին ասաց վարչապետը:

«Հարավկովկասյան երկաթուղու» մամլո խոսնակի տեղեկացմամբ՝ ռուսաստանյան «Росжелдорпроект» ընկերության մասնագետների հետ է վերականգնողական աշխատանքը կազմակերպվելու, լեռնային ինժեներներ են, երկրաբաններ, գեոդեզիստներ։


Տնտեսագետ Սուրեն Պարսյանի գնահատմամբ՝ երկաթուղային փոխադրումների վերականգնումը տնտեսական անվտանգության հարց է. Հայաստանի բեռնափոխադրումների 80 տոկոսը Վրաստանի տարածքով է իրականացվում։

«Հայաստանից հիմնականում երկաթուղուվ է արտահանվում հանքաքարը, մասնավորապես Հայաստանից տարեկան արտահանվում է 300-400 հազար տոննա պնղձի խտանյութ, և մոտ 20-30 հազար տոննա կարող է կազմել ֆերոմոլիբդեն, մոլիբդեն և այլն։ Եղել են տարիներ, նույնիսկ մինչև 50 հազար ունեցել ենք արտահանում», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա։

Միայն այս տարվա առաջին եռամսյակում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» 19.6 միլիարդ դրամի հարկեր է վճարել։ Ըստ Պարսյանի՝ եթե երկաթուղու վերականգնումը ոչ թե շաբաթներ, այլ ավելի երկար ձգվի, հարկային մուտքերը կտրուկ նվազելու են։ Զանգեզուրի կոմբինատում ասում են՝ առայժմ ճգնաժամային իրավիճակ չունեն՝ մոլիբդենն ու պղնձի խտանյութն ամենօրյա ռեժիմով չէին արտահանում։

«Այս պահի դրությամբ ընկերությունը բանակցում է տեղափոխող ընկերությունների հետ շրջանցիկ ճանապարհով պատրաստի արտադրանքը մինչև Այրում կայարան հասցնելու հնարավորությունը, և արդեն Այրում կայարանից կբարձվի գնացքը և սովորական երկաթուղով դուրս կգա ՀՀ-ից», - նշեց ընկերության լրատվության բաժնի պատասխանատու Արայիկ Մարգարյանը։


Երկաթուղու վնասված հատվածները շրջանցելով բեռնափոխադրում անելու հնարավորության մասին այսօր նաև տարածքային կառավարման նախարարն է խոսել, նախ հանրապետություն առաջին անհրաժեշտության ապրանքների ներկրման մասով. - «Բեռները կտեղափոխենք մինչև Այրում կայարան, Այրում կայարանի հարակից հատվածում կա մի կամուրջ, որը նախկինում պահածոների գործարանի մատակարարման համար է եղել և երկար ժամանակ չի աշխատում։ Հիմա այդ կամուրջը մենք վերափոխում, դարձնում ենք կամուրջ, որի վրա կարող են բեռնատարներ անցնել»։

Կամուրջը մի քանի օրում կվերափոխվի, անցանելի կդառնա բեռնատարների համար. այս ժամանակավոր սխեմայով է կառավարությունը մտադիր ապահովել բեռնափոխադրումները։

Տնտեսագետ Սուրեն Պարսյանի գնահատմամբ՝ երկաթուղու լիարժեք գործարկումը եթե երկարի, առաջին անհրաժեշտության ներկրվող ապրանքներից բենզինն, օրինակ, հնարավոր է թանկանա. - «Մեզ համար շատ կարևոր է այս պահին երկաթուղու վերագործարկումը, եթե դա ուշանա, ապա մեր տնտեսության համար դա կարող է բավականին լուրջ վնասներ հասցնել»։

Աղետալի այս վարարումը լուրջ հարված է Հայաստանի տնտեսությանը. Սուրեն Պարսյանն անհրաժեշտ է համարում, որ պետությունը առաջնահերթ հարկային արտոնությունների մեխանիզմ մտածի Ալավերդու տարածաշրջանի ջրի տակն անցած բիզնեսների համար։

Պաշտոնական վիճակագրությամբ՝ Լոռիում ապրողների 19 տոկոսը աղքատ է, նույնքանն էլ՝ գործազուրկ։

Մանրամասները՝ «Ազատության» ռեպորտաժում.

XS
SM
MD
LG