Շաբաթների լռությունից հետո Գլխավոր դատախազությունն ի վերջո այսօր հաստատեց՝ տիեզերք բարձրացած հայկական առաջին արբանյակին առնչվող քրեական վարույթ կա։
Իրավապահները կասկածներ ունեն, որ Armsat-1 ծրագրում միլիոնավոր դոլարների առերևույթ չարահաշումներ են եղել։ Բայց չեն մանրամասնում՝ արդյոք հարցաքննել են նախագահ Վահագն Խաչատուրյանին, որն արբանյակի ստեղծման ժամանակ ղեկավարում էր Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։ Արբանյակը տիեզերք բարձրացավ նրա՝ այդ պաշտոնը թողնելուց երկու ամիս անց։ Վատնումների մասին հրապարակումներում շրջանառվում է նաև նախագահի անունը։
«Ո՞ր հոդվածի հիման վրա է նախաձեռնվել, և քանի՞ մեղադրյալ է ներգրավվել, այստեղ որևէ մերժման հիմք ես չեմ տեսնում, ավելին՝ իրենք պարտավոր են հաշվետվողականություն, հրապարակայնություն ապահովել գործի քննության վերաբերյալ, որ ապահովվի հանրության՝ տեղեկություն ստանալու իրավունքը: Որքան հասկանում եմ՝ բավական կարևոր, հանրային կարևորության և հնչեղության մասին է խոսքը, և իրենք պարտավոր են տեղեկացնել հանրությանը», - «Ազատության» հետ զրույցում ասաց «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Շուշան Դոյդոյանը:
Քրեական գործը քննում է Հակակոռուպցիոն կոմիտեն։ Թե կոնկրետ ի՞նչ հոդվածով է հարուցված վարույթը, կա՞ն մեղադրյալներ, քանի՞սն են, Դատախազությունը չի մանրամասնում։ Փոխարենը հղում է անում «Տեղեկատվության ազատության մասին օրենքի» այն դրույթին, ըստ որի՝ տեղեկատվության ազատությունը սահմանափակվում է, եթե այն պարունակում է պետական, ծառայողական, բանկային, առևտրային գաղտնիք։ Դատախազությունը չի մանրամասնում նաև, թե ի՞նչ գաղտնիքի մասին է խոսքը։ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահը թերի է համարում Դատախազության պատասխանը։ «Որովհետև լիարժեք չի տրամադրում հիմքեր, թե ո՞ր կոնկրետ գաղտնիքի հիմքով է մերժված տեղեկություն ստանալու հարցումը», - նշեց Դոյդոյանը:
Արդյո՞ք հենց նախագահ Խաչատուրյանով է պայմանավորված այս գաղտնիությունը, իրավապահները չեն մանրամասնում։ Նախագահականից էլ, ինչպես անցած շաբաթ, այնպես էլ այսօր հրաժարվեցին որևէ մեկնաբանություն տալ։
Իսկ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում դեռ մեկ ամիս առաջ պնդում էին, թե քրեական գործի մասին տեղյակ չեն։ Այսօր էլ չցանկացան մեկնաբանել։
«Որ մարմինն է հարուցել, և կոնկրետ արդյոք դա վերաբերում է արբանյակի պարամետրերին, թե միլիարդավոր դոլարների մսխումներին, ինչպես նշված էր հոդվածում կամ հոդվածներից մեկում, ես չեմ կարող որևէ մեկնաբանություն տալ», - հայտարարեց նախարար Մխիթար Հայրապետյանը:
Թեմայի մասին խոսել չցանկացող նախարարը երկու շաբաթ առաջ ասել էր, թե արբանյակի տվյալները պետական գաղտնիք են, անհրաժեշտության դեպքում գուցե որոշ լուսանկարներ կհրապարակեն, ու արդեն անցած շաբաթ X-ի իր էջում հրապարակել էր արբանյակից արված՝ Հայաստանի նկարները։ Փոխնախարար Գևորգ Մանթաշյանն էլ հավելել էր. - «Գնահատական ես չէի տա վատնումների վերաբերյալ, բայց կարող եմ ասել հետևյալը, որ կա պայմանագիր, կա պայմանագրի դրույթներ և այդ դրույթներից բխող պարտավորություններ: Էս պահին մենք երկրային կայանը ունենք, էս պահին մենք կառավարման կենտրոնը ունենք, արբանյակը ուղեծրում է, և վերապատրաստում անցել են մեր մասնագետները, և հիմա էլ արդեն կառավարումն է մեր ձեռքերում: Բայց շեղումներ եթե եղել են, ու դա վատնում է եղել, թե չէ, կարծում եմ՝ ոչ»:
Armsat -1-ը SpaceX ընկերության տիեզերանավով Երկիր մոլորակի ուղեծիր արձակվեց 2022-ի մայիսին Միացյալ Նահանգների Կանավերըլ հրվանդանում գտնվող տիեզերակայանից։ Նախագիծը համատեղ իրականացնում են հայկական պետական «Գեոկոսմոս» և իսպանական «Սատլանտիս» ընկերությունները։
«Օրինակ՝ մարդկանց մի խումբ կա, որ հետաքրքրված է Սևանա լճի և մայրցամաքային այլ ջրերի որակով, մեկ այլ խումբ հետաքրքրված է ճանապարհների մոնիթորինգով, և այլն: Պետք է այդ տվյալները ի շահ երկրի օգտագործվեն: Այլապես ասել, թե՝ դե, գնում են այդ տվյալները, սերվերում պահվում այնտեղ, դրանով բան չի փոխվում», - հայտարարել է «Սատլանտիս»-ի գլխավոր գործադիր տնօրեն Խուան Թոմաս Հերնանը:
Մինչ հայկական կողմը պնդում է, որ պայմանագրի դրույթները կատարել է, իսպանական կողմը՝ «Սատլանտիս»-ի գլխավոր գործադիր տնօրը մտահոգվում է՝ հսկայական ծավալի տվյալները նպատակային չեն օգտագործվում։
«Վերջին անգամ, երբ մենք վերանայեցինք տվյալները, դրանց թիվն արդեն 5 միլիոն էր: Բայց այս տվյալները նման են նարինջների՝ դուք չեք կարող նարինջներ պահեստավորել՝ ակնկալելով, որ դրանք կօգտագործեք հաջորդ տարի կամ երկու տարի հետո: Դա մի արտադրանք է, որ թարմ տեսքով օգտագործվում: Ժամանակն է շոշափել տարբեր ոլորտներ, որոնց այդ տվյալները պետք են, այլ ոչ թե ասել՝ «այո, տվյալ ունենք», ու շարունակել ոչինչ չանել», - ընդգծել է Խուան Թոմաս Հերնանը: