Մատչելիության հղումներ

Շարժումը կարող է մարել, եթե հստակ ծրագիր չներկայացնեն. Արմեն Բաղդասարյան


Ընդդիմության շարժումը կարող է մարել, եթե հստակ ծրագիր չներկայացնեն, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանը:

«Ազատություն». - Այսօր սպասվող Ազգային ժողովի արտահերթ նիստը, որն արդեն պարզ է, իշխանությունները տապալելու են, այսինքն չեն էլ թաքցնում, այս շարժման վերջին արա՞րն:

Բաղդասարյան. - Չեմ կարծում, վստահ եմ, որ էս շարժումը, չնայած բազմաթիվ կարծիքներին չի մարել, այլ հարց է, որ շարժումը կարող է մարել, եթե այսպես շարունակվի, եթե մի քանի կարևոր բաներ շարժման առաջնորդները չանեն, առաջին հերթին եթե չներկայացնեն հստակ ծրագիր, թե ինչ են անելու, կարծում եմ, էստեղ գիտեք, հիմնական սխալը որն է, որ ներկայացվում է իշխանափոխության որպես նպատակ, այդ թվում՝ շարժումը: Մինչդեռ դա ոչ թե նպատակ պիտի լինի, այլ որպես միջոց, որ՝ ինչ-որ նպատակի հասնելու համար, այսինքն, դրվում է նպատակ, հետո դրան հասնելու ձևերը. առաջին քայլ՝ իշխանափոխության: Եթե այդ նպատակը հստակ չի, էդ քայլեր անելը դժվար է: Եթե նպատակը հստակ չի լինում, լինում է այն, ինչ տեսնում ենք, տեսնում ենք, որ Հայաստանում առնվազն մեկուկես միլիոն մարդ մերժում է այս իշխանությունը, դժգոհ է:

«Ազատություն». - Դա ինչպե՞ս եք հաշվել:

Բաղդասարյան. - Բոլոր տեսակի սոցիոլոգիական հարցումներով, զուտ վիզուալ է երևում, վերջին ընտրությունները Երևանի ավագանու ցույց են տալիս, այսինքն, ունենք մինիմում, ամենաքիչը մեկուկես միլիոն դժգոհ մարդ և ընդդիմության հավաքների մասնակից 5, 10, 15, 20000 մարդ: Ինչո՞ւ, այդտեղ խնդիր կա, որովհետև չի երևում, թե ինչ պիտի արվի իշխանափոփոխությունից հետո, եթե շարժումը հստակ ներկայացնի նպատակը իշխանափոխության, անում ենք, որպեսզի կատարենք էս, էս քայլերը, ընդ որում՝ իրատեսական նպատակ և ոչ թե բարձրագոչ արտահայտություններով, այդ դեպքում փողոցում կլինի ոչ թե 5, 10 հազար մարդ, այլ 100 հազար, 150 հազար և այդ դեպքում, իմիջայլոց, ոչ ոստիկանությունը կհամարձակվի գնալ բախումների, կոշտ մեթոդներով ցրել, ոչ էլ դրա կարիքը կլինի, որովհետև ոստիկանները նույնպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են, և եթե լսեն էդ նպատակները, տեսնեն, որ դա իրատեսական է, իրենք էլ կմտածեն, որ ես մարդիկ պայքարում են հանուն սրա, և սա շատ իրատեսական է, ուրեմն պետք է հասկանալ, մենք աջակցում ենք, թե չենք աջակցում: Եթե դա չլինի և շարունակվի շարժումը այսպիսի վերացական արտահայտություններով, կարծում եմ, այո, կարող է և մարել:

«Ազատություն». - Այսինքն, մարդիկ չգիտեն, որ եթե Փաշինյանը հեռանա, այս նոր իշխանությունը ինչպես է լուծելու հատկապես արտաքին ճակատի այս մարտահրավերները:

Բաղդասարյան. - Նիկոլ Փաշինյանը բավականին հստակ ասում է, թե ինքը ինչ քաղաքականության է իրականացնում: Ինքը ասում է, ու Ռուսաստանին դուրս է մղում էստեղից, Հայաստանը փորձում է մաս դարձնել միջին միջանցքի՝ Թուրքիա, Ադրբեջան, Կենտրոնական Ասիա, խաղաղություն հաստատել հարևանների հետ, ապրել ապահով, երջանիկ, մի քիչ նվաստացած, բայց դե ինչ անենք, դե հիմա մենք էլ պարտվել ենք, էսպես ա ստացվել, կարևորը երջանիկ լինելն է, կյանքը վայելելն է և չամաչել, որ էդ կյանքը մենք վայելում ենք, սա է, հույս ունենանք, կստացվի: Նիկոլ Փաշինյանը սա է ասում: Ի՞նչ է ասում ընդդիմությունը, ի՞նչ է ասում շարժումը, ասում է, որ դա անընդունելի է, և ես, այո, համաձայն եմ, որ դա անընդունելի, բայց չի ասում, թե ինչ պիտի արվի, դրա փոխարեն: Էստեղ խնդիր կա, ես հասկանում եմ, ինչու չեն ասում, որովհետև ինչ էլ ասեմ, բավականին խոցելի է լինելու, և իշխանություններին հնարավորություն է տալու քննադատել դա, բայց մյուս կողմից էլ, եթե դա չեն ասում, էս շարժումը իսկապես աստիճանաբար կարող է գնալ մարել, որովհետև հետ արտահայտությանը միայն, օրինակ, ճշմարտությունը հաղթելու է սրտին, սպիտակը հաղթելու է սևի, դրանք, իհարկե, շատ լավ են, բայց քաղաքականության այդպես չի որոշվում, և միայն դա բավարար չէ:

XS
SM
MD
LG